Գրիգոր Միրզայան
Ծնվել է ՀՀ Գետաբեկ գյուղում: Եղել է աշուղ Դադասիի թոռը: Երկու տարեկանից ընտանիքի հետ ապրել է Շուշիում: 1891թ-ից սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Քրիստափոր Կարա-Մուրզայի և Կոմիտասի ազդեցությամբ զբաղվել նաև ժողովրդական երգեր հավաքելով ու ներդաշնակելով: 1895թ. Շուշիում կազմակերպել է երգչախումբ և իր բազմաձայնած ժողովրդական երգերով համերգ տվել: 1904թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ աշակերտել է Ն.Ռիմսկի-Կորսակովին, Ա.Լյադովին, Ա.Գլազունովին: Ղեկավարել է նաև տեղի հայկական եկեղեցու երգչախումբը, ներդաշնակել հոգևոր երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ, գրել մեներգեր և պոլիֆոնիկ գործեր: 1905-07թթ երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Հայոց դրամատիկական ընկերության միջոցով բեմադրել իր «Արեգնազան» օպերետը, գրել «Ասլի և Քարամ» երգախառն դրաման: Հետագա ստեղծագործական աշխատանքը գերազանցապես նվիրել է համերգային գործունեությանը: 1908թ-ից շրջագայելով հայաբնակ տարբեր վայրերում (Տրապիզոն, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Կ.Պոլիս և այլն, 1923թ-ից` ԱՄՆ)` շարունակել է հավաքել ժողվրդական եղանակներ (օգտվել է նաև Կոմիտասի գրառումներից), դրանք թեթևակի ներդաշնակել և կատարել իր երգչախմբերով` նպաստելով հայ ժողովրդական զանգվածներում բազմաձայն երգեցողության տարածմանը: Նրա ստեղծագործությունները լրիվ հրատարակված, նույնիսկ հավաքված չեն: Դաշնամուրի նվագակցությամբ ինքնուրույն մեներգերը (Հ.Թումանյանի խոսքերով` «Ինձ մի խնդրիր», Ա.Իսահակյանի` «Ախ ալ վարդի» և այլն) գրված են հայ քաղաքային ժողովրդական երաժշտության ոճով, ունեն արտահայտիչ մեղեդիներ: Սրանք, ինչպես և բուն ժողովրդական երգերի մեներգային մշակումները (օրինակ, «Նեննի» օրորոցայինը) զգալի դեր են խաղացել ազգային ռոմանսի ձևավորման ու զարգացման գործում: Կոմպոզիտորի ստեղծագործության առավել արժեքավոր բաժինը գեղջկական երգերի խմբերգային մշակումներն են, որոնցից լավագույնները («Սարերի հովին մեռնիմ», «Սարերը հովելա», «Ալագյազ» և այլն) առանձնանում են մեղեդիների ժանրային բազմազանությամբ ու ներդաշնակության ընդհանուր բարեհնչությամբ և հայ երգչախմբային երաժշտության դասական ժառանգության մաս են կազմում: ԱՄՆ-ում ապրած տարիներին հանդես է եկել որպես Սովետական Հայաստանի բարեկամ, եռանդուն մասնակցել է ՀՕԿ-ի գործունեությանը, 1930-ական թվականներին սովետահայ մասսայական երգերի օրինակով հորինել ու կատարել է «Նոր կյանքի երգեր» շարքը: Մահացել է Ֆիլադելֆիայում: