Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1730թ-ից հայոց լեզու և կրոն է դասավանդել Միջագյուղի դպրոցում։ Այնուհետև նշանակվել է Մայր եկեղեցուն կից Մայր դպրատան ուսուցիչ (1824-26թթ), որտեղ վարել է ճարտասանության, տրամաբանության, հայոց լեզվի քերականության և կրոնագիտության դասընթացները։ 1828թ. հիմնադրվել է Գում-Գափուի «Ընծայարան» ուսումնարանը, որի տնօրեն և գլխավոր ուսուցիչ է նշանակվել։ 1830թ. վերաբացվել է Մայր վարժարանը, որտեղ միաժամանակ եղել է նաև նրա տնօրենը։ 1829թ. լույս է տեսել նրա «Քերականութիւն հայկազեան լեզուի» աշխատությունը, որը փաստորեն գրաբարի քերականության դպրոցական դասընթաց է։ «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ.1-2, 1844-46թթ) աշխատությունը գրել է 1826թ-ից առաջ, սակայն չի ավարտել, այն լրացրել են նրա աշակերտները։ Աշխատությունների մեծ մասը գրել է մաքուր աշխարհաբարով։ «Կրթութիւն քաղաքավարութեան» (1829թ.) և «Վարժութիւն բարւոք խոստովանութեան» (1854թ., երկուսն էլ՝ աշխարհաբար) գործերը մեծ դեր են խաղացել աշակերտների բարոյական դաստիարակության գործում։ «Լուսաշավիղ...» (1848թ.) գրքում պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը, ըստ նրա, միայն բնական իրավունքին համապատասխանող քաղաքացիական իրավունքը կարող է նպաստել հասարակության առաջընթացին։ Նա դեմ է եղել միապետական, արիստոկրատական կառավարման ձևերին և պաշտպանել է ժողովրդապետությունը։ «Տրամաբանութիւն կամ արուեստ բանական» (1854թ., գրաբար) երկում խիստ նկատելի է 18-րդ դարի 2-րդ կեսի իտալական փիլիսոփա Ֆրանչեսկո Սոավեի «Արվեստ բանական» գրքի ազդեցությունը։ Գոյաբանական հարցերը լուծել է դեիզմի դիրքերից, իսկ իմացաբանության մեջ հետևել է Ջ.Լոկին։ Ըստ նրա, տրամաբանությունը հավասարապես զբաղվում է ինչպես ճշմարտության բացահայտման, այնպես էլ դրա հիմնավորման օրենքներով։ Ընդհանուր առմամբ լինելով մատերիալիստական ուղղության սենսուալիստ փիլիսոփա, որոշ հարցերում նա տուրք է տվել ռացիոնալիզմին։ Ունեցել է ուսուցման ուրույն մեթոդ, դասերը դարձրել է հաճելի և գործնական, հեշտից գնացել է դեպի դժվարը, ծանոթից՝ անծանոթը։ «Ընծայարանի» համար նրա մասնակցությամբ վերակազմվել է կանոնադրությունը, ըստ որի արգելվել է ծեծը, ֆիզիկական պատիժը, հայհոյանքը, աշակերտների անարգական անվանումը ուսուցիչների կողմից։ Մահացել է Կոստանդնուպոլսում։