Zark Foundation

Գրիգոր Օշականցի

Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

16 հոկտեմբեր, 1757 - 29 դեկտեմբեր, 1799

Ծնվել է Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Սովորել է Էջմիածնի վանքում՝ Սիմեոն Երևանցու նոր բացած դպրոցում: Ստացել է արքեպիսկոպոսության աստիճան: 1795-99թթ շրջել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել նրա հուշարձանները, գրի առել բերդերի, աշտարակների, եկեղեցիների արձանագրությունները։ Գրել է տաղեր, չափածո արձանագրություններ և արձակ գեղարվեստական երկեր՝ «Տեսիլքներ», որոնք սկզբնավորում են հայ գեղարվեստական ակնարկը։ Ուշագրավ են Անի քաղաքին նվիրված նրա «Ողբ»-ը և «Արձանագրութիւնք յիշատակաց» ոտանավորները՝ հնագիտական հարուստ փաստերով։ Ճարտասանության մեջ ցուցաբերել է բացառիկ ձիրք և շնորհալիություն: Նրա ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ չի հասել մեզ, սակայն, բարեբախտաբար, նրա երգերը, զանազան ձեռագրերում ցրված լինելու հետ մեկտեղ, պահպանվել են նաև առանձին գրչագրերով: Մեզ ծանոթ են այդպիսի չորս ձեռագիր: Դրանցի երկուսը գտնվում է Երևանի Մատենադարանում, իսկ երկուսը՝ Վիեննայի մատենադարանում: Այս ձեռագրերի համար նախնական հիմք է հանդիսացել հեղինակի ինքնագիր «Տաղարանը», որը մեզ չի հասել, և որը հեղինակը հրատարակության է պատրաստել 1878թ., Էջմիածնում: Նրանից մեզ հայտնի են շուրջ 20 բանաստեղծություն, 23 ոտանավոր և 3 տեսիլ: Այս բոլորից անցյալում տպագրվել է միայն երկու երգ: Իր ստեղծագործական երախայրիքը, երգերի առաջին գիրքը՝ «Տաղարանը», նվիրել է իր հայրենի գավառում անմոռաց հիշատակ թողած Մեսրոպ Մաշտոցին՝ նշելով այն մեծ ու բարերար ազդեցությունը, որ թողել են նրա անունն ու գործը իր ստեղծագործական մտքի, իր կյանքի ու աշխատանքի վրա: Պահպանվել է գրողի վարքը, որը գրել է 18-րդ դարի բանաստեղծ Հովհաննես Կարնեցին: Մահացել է Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում: