Zark Foundation

Գևորգ Բրուտյան

Գևորգ Բրուտյան

Գեղանկարիչ

14 հոկտեմբեր, 1888 - 26 դեկտեմբեր, 1952

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է երաժիշտ, երգահավաք Արշակ Բրուտյանի որդին: Ընդհանուր մասնագիտական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում: 1908-10թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստական ուսումնարանում` Օ.Շմերլինգի դասարանում։ Սովետական իշխանության առաջին տարիներին կազմակերպել է Լենինականի կերպարվեստագետների ասոցիացիան, եղել գեղարվեստական ստուդիայի (1921թ.) հիմնադիրներից և մանկավարժներից մեկը։ 1937թ. տեղափոխվել է Երևան։ Նկարել է հանրապետական թերթերի և ամսագրերի համար, ստեղծել քաղաքական պլակատներ: Լինոփորագրությունների («Հարազատ հողում», 1947թ.), գծանկարների («Մայիսյան ապստամբությունը Ալեքսանդրապոլում», 1949թ., տուշ, գրչածայր) հեղինակ է: Պատկերել է, թե´ ժամանակի հեղափոխական իրադարձությունները, թե´ հին անհետացող Գյումրին, թե´ սոցիալական շինարարությունն ու Հայրենական Մեծ պատերազմը: Ստեղծագործությունների զգալի մասը գեղանկարչական են, որոնց մեջ առանձնանում է «Հին Գյումրի» (1937թ.) շարքը, որտեղ պատկերել է հին Գյումրին իր ողջ ճշմարտացիությամբ ու հմայքով: Նկարազարդել է մանկական գրքեր և ամսագրեր (Հ.Թումանյանի «Տասներկու ոտանավոր», 1943թ. և այլն), ստեղծել հայկական տարազների ալբոմ (500 տարազ)։ Ծավալել է նաև լայն քաղաքացիական, հասարակական գործունեություն: Մահացել է Երևանում: