Zark Foundation

Գևորգ Դպիր Պալատացի

Գևորգ Դպիր Պալատացի

Բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ

6 սեպտեմբեր, 1737 - 30 օգոստոս, 1812

Գէորգ Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ինքնաշխատությամբ տիրապետել է մոտ 10 լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և այլն)։ Գլուխգործոցը պարսկերեն-հայերեն բառարանն է (հրտ.՝ 1826թ.)։ Բացի բառի բացատրությունից, այն ամփոփ տեղեկություններ է տալիս իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական բառ ու բանի, սովորույթների ու բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին։ Վերջում տրված են հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառության աղբյուրը։ Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին...», անտիպ)։ Ընտիր հիմք-օրինակներից ընդօրինակել է Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները, 18-րդ դարի հուշարձան «Գիրք վաստակոց»-ը, որը մեզ է հասել նրա ընդօրինակության շնորհիվ, 4-րդ դարի հույն պատմիչ Եվսեբեոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը, որի բնօրինակը չի պահպանվել և աշխարհին հայտնի է Պալատացու թարգմանության շնորհիվ։ Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին և պատուական ականց...», հրտ.՝ 1807թ.), հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի...», 1783թ., անտիպ) և այլն։ Եղել է հայ առաջին հոմերագետը. «Իլիական»-ի թարգմանության կապակցությամբ նրա գրած նախաբանում քննվում են Հոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր (Հոմերոսի ծննդյան տեղը, պոեմի արվեստի ու ոճի ազդեցությունները և այլն)։ Նրա որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մ.Մաշտոցի անվան մատենադարաններում։ Մահացել է Կոստանդնուպոլսում: