Շնվել է Սանկտ Պետերբուրգում: Եղել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդին։ 1932թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել և կատարելագործվել է Երևանում՝ հոր արվեստանոցում։ Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները' Կառավարական տունը, Օպերայի և բալետի թատրոնի, Ազգային գրադարանի շենքերը։ 1948-55թթ եղել է Երքաղխորհրդի, 1955-58թթ՝ Հայպետնախագիծ, 1958-62թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար։ Նրա նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-56թթ, հեղինակային խմբի հետ), կառուցվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-50թթ, նոր կողաշենքը՝ 1976թ.), Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1975թ.), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-50թթ), Ջերմուկում` առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-56թթ), մշակույթի պալատներ Ճարտարում (1969թ.) և Մարտունիում (1973թ., երկուսն էլ` ԼՂՀ-ում) և այլն։ Ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953թ.), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է։ Նրա հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը։ 1970թ. Երևանի Հանրապետության հրապարակի կառուցապատման, իսկ 1980թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար պարգևատրվել է ՀՀ Պետական մրցականերով։ 1947թ. արժանացել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական, 1953թ.՝ «Տարվա լավագույն կառույց» հանրապետական ստուգատեսների դափնեկրի կոչումների, 1957թ.՝ Հայաստանի վաստակավոր շինարարի, 1968թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչումների: Մահացել է Երևանում: