Ծնվել է ՀՀ Ծավ գյուղում (ՀՀ Սյունիքի մարզ): Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում: 1922թ. տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում: Նրա բանաստեղծական նախափորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում: 1938թ. ավարտելով Մոսկվայի Ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը` աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում: 1941-46թթ ծառայել է խորհրդային բանակում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը: Մինչև 1954թ. եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954-61թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1961-66թթ` Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը: 1965թ. պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսություն: 1967-79թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը, 1979թ-ից` «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը: 1949-75թթ (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում, որտեղ 1962-71թթ եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը (1969թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր: Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր: Հիշարժան են նրա «Նոր հերոսի որոնման ճանապարհին» (1965թ.), «Գրականության գլխավոր պրոբլեմը» (1969թ.), «Սերո Խանզադյան» (1975թ.) գրականագիտական ուսումնասիրությունները, «Փառք և տառապանք» (1999թ.) հիշողությունների գիրքը: Գրողի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968թ.), «Սիլվա Կապուտիկյան» (1978թ.) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977թ.) գեղարվեստական ֆիլմերը: 1954-74թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 49-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով և մի շարք մեդալներով: Մահացել է Երևանում: