Zark Foundation

Գևորգ Մանասյան

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1953թ. հունիսի 2-ին, Ախալցխայում: 1961-67թթ սովորել է տեղի հայկական դպրոցում, միաժամանակ նաև երաժշտական դպրոցում: 1972թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական և տեսական բաժինները՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանը: 1972-77թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ալեքսանդր Հարությունյանի կոմպոզիցիայի, ապա՝ Ա.Աբրահամյանի դաշնամուրի և Հակոբ Ոսկանյանի դիրիժորական դասարաններում: 1978-83թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գործիքային, 1991-94թթ` երաժշտական մասի ղեկավարը, 1983-89թթ՝ Երվանդ Սահառունու անվան երգի-պարի համույթի, 1987-91թթ՝ «Հայհամերգ» միավորման Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի, 1994-97թթ` ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, 1996-98թթ` «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը և դաշնակահար: 2000-23թթ եղել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1984թ-ից աշխատում է նաև Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանում որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր: 1996-2012թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2010թ-ից՝ դոցենտ): 2011թ-ից «Վարպետներ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, 1980թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1972թ. հեղինակել է «Դաշնամուրային տրիո», 1975թ.՝ «Հայաստանի սիմֆոնիետտա» (սիմֆոնիկ նվագախմբի համար), 1976թ.՝ «Սարդարապատ» կանտատ (խոսք՝ Գ.Էմինի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար), 1976թ.՝ երգ-բալլադ «Եթե քարերը խոսեին»՝ նվիրված Մեծ հաղթանակի 40-ամյակին, 1977թ.՝ «Կոնցերտ-պոեմ» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1980-87թթ՝ Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի համար գրված և մշակված 30-ից ավել երգեր և պարեր («Տոնական» երգ-պար, «Էրզրումի շորոր» երգ-պար, «Դարդս տվի հովերին», «Ղարաբաղի ժողովրդական պարեր», «Հայ նուբար» ժողովրդական երգերի շարք, «Հոյ իմ նազանի յարը», «Ախալցխայի պար» և այլն), 1989թ.՝ «Ռեքվիեմ» նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին (բեմ.՝ Վ.Խանամիրյանի), 1995թ.՝ «Տոնական նախերգանք», Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համար հանրահայտ երգերի շարք՝ «Դու շորորա», «Սիրո երգ», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Հայրական երգ», «Երգ Արագածին», 2000թ-ից Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի համար գրված մոտ 100-ի հասնող հեղինակային ժողովրդական-աշուղական երգերի մշակումներ և գործիքավորումներ, 2002-04թթ՝ «Կարոտի կանչ» 4 լազերային սկավառակներ, 60 հեղինակային երգեր, ձայնագրվել և թողարկվել է ԱՄՆ-ում: 2005թ. Կամերային երաժշտական թատրոնի համար հեղինակել է թվով 7 երաժշտական պատկերներ, 2009թ.՝ «Աշնանային անուրջներ» դաշնամուրի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար, «Նվիրում» մենանվագ սաքսոֆոնի համար, «Նոստալջի» դաշնամուրի համար, 2010թ.՝ «Հայաստան» երգ-բալլադը, Օքրո Օքրոյանի խոսքերով գրված 9 էստրադային և ժողովրդական երգեր: 1976թ. դարձել է Համամիութենական կոմպոզիտորների մրցույթի դափնեկիր, առաջին մրցանակակիր, 1985թ.՝ Սայաթ-Նովայի անվան մրցանակի դափնեկիր, առաջին և երկրորդ մրցանակակիր, 1999թ.՝ ԱՄՆ Ժողովրդական պարերի միջազգային մրցույթի դափնեկիր, 2003թ.՝ Հայկական հեռուստատեսության առաջին «Հեռանէ» մրցանակի դափնեկրի` «Ջավախք» ֆիլմաշարի երաժշտության համար: 2005թ. Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար նրա հեղինակած Օրհներգը արժանացել է առաջին մրցանակի: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: