Zark Foundation

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Դերասան, բեմադրիչ

11 նոյեմբեր, 1859 - 28 հոկտեմբեր, 1906

Գևորգ Տեր-Պետրոսյան
Ծնվել է Օրդուբադում: Եղել է դերասան, բեմադրիչ Քրիստափոր Պետրոսյանի եղբայրը: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1881-82թթ եղել է Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով: Առաջին դերը Զաքարե Իշխանն էր (Մուրացանի «Ռուզան»): Այդ շրջանում նա եղել է Պետրոս Ադամյանի խաղընկերը: 1883թ. ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ: Մինչև 1890թ. ուսանողական ինքնագործ խմբերում խաղալուց բացի, աշխատել է տեղի և Մոսկվայի ռուսական թատրոններում, մոտիկից շփվել ռուսական ռեալիստական թատերարվեստին: Նրա ջանքերով 1891թ. Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում էին Հովհաննես Աբելյանը, Գևորգ Տեր-Դավթյանը, Արամ Վրույրը, Պողոս Արաքսյանը, Սաթենիկ Չմշկյանը, Զաբելը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ: 1891թ. մեկնել է Կ.Պոլիս, կրկին Թիֆլիս հրավիրել Սիրանույշին, Դավիթ Թրյանցին, ինչպես և Արմեն Արմենյանին: Առանձնապես արգասավոր է եղել նրա գործունեությունը Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում (1897-1905թթ թատերաշրջաններ): Հայկական թատերարվեստը մասսայականացնելու համար միայնակ և խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում: Նպաստել է ազգային թատերական մշակույթի առաջընթացին, զգալի ավանդ ներդրել ռուսական թատրոնի ռեալիստական ավանդույթները հայ բեմարվեստում կիրառելու ուղղությամբ, դաստիարակել բազմաթիվ դերասաններ: Եղել է հայ թատրոնի անհատականություններից: Համոզիչ մեկնաբանությամբ բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Վ.Շեքսպիրի «Լիր արքա», Գ.Սունդուկյանի «Պեպո» և այլ պիեսներ, 1891թ. բեմականացրել է Րաֆֆու «Սամվել» վեպը: Նրա դերակատարումներն աչքի են ընկել կերպարի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, հերոսի արծարծած հասարակական խնդիրները կարևորելու և հանդիսականին հասցնելու միտումով: Խաղացել է դրամատիկական, ողբերգական և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Անանիա Գլախա), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչչո), «Լիր արքա» (Լիր արքա), «Վենետիկի վաճառականը» (Շայլոկ) և այլն: Մահացել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: