Zark Foundation

Գևորգ Սկևռացի

Գևորգ Սկևռացի

Լեզվաբան, մատենագիր, երաժիշտ

13 հունիս, 1246 - 30 օգոստոս, 1301

Գևորգ Լամբրոնացի, Սսեցի
Ծնվել է Կիլիկիայի Լամբրոն բերդաքաղաքում: Նախնական կրթությունն ստացել է մորեղբոր՝ Գրիգոր Սկևռացու, ապա՝ Բջնիի Գրիգոր արքեպիսկոպոսի մոտ։ Քերականության մեջ խորանալու համար մեկնել է Վիրապ միաբանություն և աշակերտել Վարդան Արևելցուն։ Վերադառնալով Սկևռա վանքը՝ զբաղվել է գրչության արվեստով։ Նրա ընդօրինակած մատյաններն օժտված են գրչության արվեստի բարձր մշակույթով։ Գրել է բանաստեղծություններ («Գեորգ պատանին է գրեաց», աքրոստիկոս), մեկնություններ («Համառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկնութիւն Եսայեայ» և այլն)։ Լեզվաբանության պատմության համար կարևոր նշանակություն ունեն նրա լեզվաբանական երեք աշխատությունները («Խրատ վասն հանգամանաց հեգից...», «Խրատք վասն առոգանութեանցն», «Խրատք յաղագս գրչութեան արուեստի»), ուր նա քննել է հայերենի վանկատության, ուղղագրության, կետադրության, հնչյունակազմի հարցերը, սահմանել կանոններ։ Հորինել է գանձեր, որոնցից մի քանիսը ձեռագրերում հանդիպում են որպես տաղեր։ Հավանաբար 13-րդ դարի վերջին քառորդում հատուկ զբաղվել է Գրիգոր Խուլի խմբագրած Շարակնոցով։ Գործնականում մշակելով առոգանության խազանշանների երաժշտական կիրառության կատարելագործված սկզբունքներ՝ նոր մակարդակի է բարձրացրել միջնադարյան երաժշտա-ծիսական երգարանների արվեստը։ Մահացել է Կիլիկիայի Լամբրոն բերդաքաղաքում: