Ծնվել է Թիֆլիսում: 1918թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1920-26թթ սովորել է Վխուտեմասում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեինը և աշխատել Երևանում: 1932-37թթ եղել է «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար (Միքայել Մազմանյանի հետ), Հայաստանի ճարտարապետների միության կազմկոմիտեի նախագահ, 1937թ.` վարչության առաջին նախագահը: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: 16 տարի անցկացրել է աքսորավայրում, 1954թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Կառուցողների ակումբը (1928-29թթ, այժմ` Ռուսական թատրոնի և օլիմպիական կոմիտեի շենքերը), Պետապի տունը (1930թ.), Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-32թթ, երեքն էլ` Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի հետ), քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34թթ, համահեղինակ), ԵԱԱԻ-ի ուսանողական հանրակացարանը (1932-33թթ), «Մոսկվա» կինոթատրոնը (1935-37թթ, Տիրան Երկանյանի հետ), Կենտրոնական հանրախանութը (1936-37թթ, համահեղինակ), Գյումրիում` քաղխորհրդի շենքը (1933-34թթ), Վանաձորում` «Երևան» կինոթատրոնը (1935թ.), Սևանի ափին` Գրողների ստեղծագործական տունը (1935թ.), Դիլիջանում` հանգստյան տուն (1936թ.): Կազմել է Վանաձորի (1929-30թթ, համահեղինակ), Արզնիի, Վերին Խաթունարխի գլխավոր հատակագծերը։ 1939-60թթ աշխատել է աքսորավայրում` Կրասնոյարսկի երկրամասում։ 1955-59թթ եղել է Կրասնոյարսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը: Կազմել է Նորիլսկ (1939-54թթ) և Դուդինկա (1949թ., երկուսն էլ` Միքայել Մազմանյանի հետ) քաղաքների գլխավոր հատակագծերը, տարբեր բնույթի նախագծերով Նորիլսկում կառուցել բնակելի տներ (1939թ.), օդանավակայան (1946թ.), կապի տուն (1946թ.), Կրասնոյարսկում վերակառուցել Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը (1952-53թթ)։ 1960թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետը, 1964-72թթ` գլխավոր ճարտարապետը։ Հեղինակ է Նոր Զեյթունի ուսանողական հանրակացարանների (1961-64թթ, Շմավոն Ազատյանի հետ), ՀՀ ԳԱՍ ՕՔԻ-ի (1963թ., Ստեփան Քյուրքչյանի հետ) համալիրների նախագծերի։ Նրա կառույցներին բնորոշ են լակոնիզմը, ճարտարապետական պարզ մտածողությունը, ծավալատարածական լուծումների գործառնական հիմնավորվածությունը։ 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` վաստակավոր ճարտարապետի կոչումներին։ Մահացել է Երևանում: