Ծնվել է 1999թ. դեկտեմբերի 30-ին, Երևանում: Սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի եղբայրն է: Յոթ տարեկան հասակում ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի շեփորի դասարան՝ դոցենտ Գ.Սարգսյանի ղեկավարությամբ: 2017թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2009թ. Գյումրի քաղաքում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին արժանացել է «Կրտսեր մասնակից» հատուկ մրցանակի, իսկ 2010թ. նույն մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 2013թ. հայ-վրացական բարեկամության երկրորդ «Հարմոնիա» փառատոնին արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, իսկ «Նավասարդյան խաղեր» հանրապետական մրցույթին՝ 1-ին մրցանակի: 2014թ. Գյումրու երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին կրկին արժանացել է 1-ին մրցանակի դափնեկրի կոչման: 2014թ-ից հանդիսանում է Մոսկվայի հեղինակավոր միջազգային 15-րդ «Շելկունչիկ» հեռուստատեսային մրցույթի պատվավոր 3-րդ մրցանակի դափնեկիր: 2015թ. Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում մասնակցել է Դենիս Մացուևի կազմակերպած «ԱՊՀ երկների Նոր Անուններ» և Մոսկվա քաղաքում Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան ընդունում է ընկերներին» համերգներին: 2016թ. Դուբայում դարձել է «Yamaha Music Gulf» կրթաթոշակային մրցույթի հաղթող: Նույն թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի փողային և հարվածային գործիքների 8-րդ միջազգային մրցույթում արժանացել է «Հատուկ մրցանակի» և «Ամենակրտսեր մասնակից» մրցանակի: 2017թ. Բուլղարայի Ստառա Զագոռա քաղաքում կայացած շեփորահարների 9-րդ միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: 2019թ. «Լավագույն ուսանող» կոչման համար հանրապետական մրցույթում արժանացել է 1-ին կարգի մրցանակի: Ունեցել է երեք մենահամերգ, որոնց թվում նաև՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ԵՊԿ-ի միջոցառումներին: Բազմիցս հանդես է եկել իբրև մենակատար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: