Zark Foundation

Դավիդ Գյոդակյան

Դավիդ Գյոդակյան

Կոմպոզիտոր, դիրիժոր, կոնտրաբասահար

Ծնվել է 1992թ․ մարտի 7-ին, Երևանում: Կոմպոզիտոր Գևորգ Արմենյանի, երաժշտագետներ Գեորգի Գյոդակյանի և Ալինա Փահլևանյանի թոռն է: 1999-2006թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ Է.Թանդիլյանի դաշնամուրային դասարանում, 2008-12թթ՝ Երևանի ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի «համակարգչային ծրագրավորում» բաժնում: 2019թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի դասարանը: 2014թ-ից Երևանի Ա․Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի պետական երիտասարդական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է: Դասավանդում է ջազային հարմոնիա, կոմպոզիցիա և բաս-կիթառ նույն դպրոցում: 2014թ-ից աշխատում է նաև Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում որպես կոնտրաբասահար և բաս-կիթառահար: 2015-17թթ եղել է «Chico’s New Trio», «Aram Vardani Group» խմբերի կոնտրաբասահարը: 2018թ-ից որպես կոնտրաբասահար նվագում է Արմեն Հյուսնունցի ջազային քառյակում, «Fifth Season» խմբում, «Դեյվ Գյոդակյան ջազ սեքտետ» կվարտետում: Կվարտետի և «Triangle» ֆյուժն տրիոի (2019թ.) հիմնադիրն է: Իբրև կոնտրաբասահար հանդես է եկել նաև բազմաթիվ ջազային երաժշտական խմբերում: 2019թ-ից ջազային հարմոնիա, իմպրովիզացիա և անսամբլ է դասավանդում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նույն թվականից նաև «Արմսթրոնգ Դիքսի» խմբի կոնտրաբասիստն ու գործիքավորողն է: Հեղինակել է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային և ջազային ստեղծագործություններ: 2019թ. տպագրվել է նրա «Վարժություններ և ստեղծագործություններ մանկապատանեկան նվագախմբերի համար» և «Վարժություններ և ստեղծագործություններ մանկապատանեկան փողային նվագախմբերի համար» գրքերը: 2021թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 2014թ. արժանացել է «Երաժշտություն փոփոխության համար» փառատոնի կրթաթոշակի, 2015թ.՝ Երևանի քաղաքապետարանի դիպլոմի, 2019թ.՝ Հայաստանի ջազային ասոցիացիայի դիպլոմի, 2020թ.՝ Կարեն Գրիգորյանի ջազ կվարտետի կազմում միջազգային «Tutti-Jazz» մրցույթի դիպլոմի: