Zark Foundation

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ

Փիլիսոփա

6-րդ դար

Դավիթ Ներգինացի, Դավիթ Արմենիոս
Ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում: Եղել է նորպլատոնականության ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ: Սովորել, ապա երկար տարիներ դասավանդել է Ալեքսանդրիայի Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում: «Անհաղթ» պատվանունը ստացել է հրապարակային փիլիսոփայական վեճերում տարած հաղթանակների համար: Ծեր տարիքում վերադարձել է հայրենիք, գլխավորել հունական դպրոցը, վճռական դեր խաղացել հայ աշխարհիկ փիլիսոփայության պրոբլեմատիկայի և տերմինաբանության ձևավորման բնագավառում: Իր գործունեությամբ հարուցել է պահպանողական կղերի դժգոհությունը, հալածվել է, հեռացել Հաղպատ: Հետագայում եկեղեցին, գնահատելով նրա ծառայությունները, դասել է սրբերի շարքը, աճյունը տեղափոխել և ամփոփել Մշո Առաքելոց վանքում: Նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտելի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» երկերը: Քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, ապացուցել աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը, հաստատել փիլիսոփայության գոյության իրավունքը և այդ կապակցությամբ առաջադրել փիլիսոփայության վեց սահմանումներ, որոնք վերցրել է Պյութագորասից, Պլատոնից և Արիստոտելից: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, պաշտպանել Աստծու՝ որպես ամեն ինչի պատճառի և արարչի, գոյության տիեզերաբան, ապացուցման սկզբունքը: Աստված անճանաչելի է, սակայն Աստծուն կարելի է մոտենալ՝ ճանաչելով նրա արարած բնությունը: Դավիթ Անհաղթի իմացաբանությունը շեշտված մատերիալիստ, բնույթի է: Ճանաչողության գործընթացը, ըստ նրա, ունի զգայական ու բանական ձևեր և զգացության, երևակայության, կարծիքի, դատողականության ու բանականության աստիճաններ, առաջին չորս աստիճանները փորձի, արվեստի և գիտության հիմքն են, իսկ բանականությունը՝ փիլիսոփայության, այն ճանաչում է իրերի մեջ ընդհանուրը և անփոփոխը, նրանց էությունը: Առաջադրելով գիտությունների դասակարգման հարցը՝ նա կենտրոնում դրել է «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը»՝ փիլիսոփայությունը: Գիտությունների ստորին՝ նախապատրաստական աստիճանում զետեղել է քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը կամ դիալեկտիկան, վերջինս իր զարգացման բարձր մակարդակում տեսական և գործնական փիլիսոփայության հետ կազմում է բուն փիլիսոփայության մասը: Տեսական փիլիսոփայության մասերն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան: Գործնական փիլիսոփայության մասերն են բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը: Գիտությունների «անհաղթյան» դասակարգումը նպաստել է գիտության տարբեր ճյուղերի ինքնորոշմանը և դարձել միջնադարյան կրթության հիմքը: Մարդու իդեալը, ըստ նրա, կատարյալ փիլիսոփան է, նա նման է Աստծուն և օգնում է ուրիշներին՝ նմանվելու Աստծուն: Փիլիսոփայությունը տվել է ընդգծված բարոյագիտական ուղղվածություն, մեծ տեղ հատկացրել մարդու հիմնախնդրի քննարկմանը: Եղել է տրամաբանական գիտության հիմնադիրը Հայաստանում, որը նա դիտել է որպես փիլիսոփայության մաս և գործիք, հիմնական կորիզը համարել ապացուցման դեդուկտիվ եղանակների, հավաքաբանության (սիլլոգիզմ) մասին ուսմունքը: Տրամաբանական կատեգորիաների և գործողությունների ծագումը բացատրում է որպես մարդկանց գործնական կարիքների ծնունդ: Ունիվերսալիաների հիմնահարցը լուծել է չափավոր ռեալիզմի դիրքերից (այդ ձևը հետագայում ընդունել են Իբն Սինան, Թովմա Աքվինացին և ուրիշներ): Փիլիսոփայությունը սկզբնավորել է հայկական արիստոտելականությունը, նրանով է ավարտվում հայ փիլիսոփայական գիտության ձևավորումը, բարերար ազդեցություն է ունեցել փիլիսոփայական նոր հոսանքների կազմավորման վրա: Նրա հայացքների նկատելի ազդեցությունն են կրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ջուղայեցին, Սիմեոն Երևանցին և ուրիշներ: Թարգմանվել է վրացերեն, նպաստել վրացական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ձևավորմանը: Շնորհիվ հունական բնագրերի, նրա երկերի ազդեցությունը նկատելի է միջնադարի իրանական, արաբական և հատկապես բյուզադական փիլիսոփայական մտքի վրա: Մահացել 6-րդ դարի կեսին, Հաղպատում: 1820-ական թվականներից հայ և այլազգի անվանի շատ գիտնականներ բազմիցս իրականացրել են Դավիթ Անհաղթի երկերի հրատարակությունները և դրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունը: 1980թ. ՅՈՒՆԵԱԿՕ-ի որոշմամբ նշվել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: Երևանում նրա անունով կոչվել են փողոց և հրապարակ, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը: