Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 1991-98թթ սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում՝ Աշոտ Ղազարյանի դասարանում: 1998-2000թթ հաճախել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժին՝ Ավետիք Պիվազյանի դասարան: 2000-05թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում, իսկ 2005-08թթ` ասպիրանտուրայում` Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ: Ստեղծագործել է 10 տարեկան հասակից: Հեղինակել է կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և նվագախմբային ստեղծագործություններ, որոնք հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում, Իսրայելում, Բելգիայում, բազմիցս հնչել են նաև Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 2003թ. Բենջամին Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Կոմպոզիցիա փայտյա-փողային կվինտետի համար» ստեղծագործության համար արժանացել է 2-րդ մրցանակին: 2006թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Նույն թվականին Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին: 2006թ. Երևանում տեղի ունեցած «Նարեկացի» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Հիշատակի պոստլյուդ» ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործության համար արժանացել է գլխավոր մրցանակին: 2009-13թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2010թ. Չինաստանում տեղի ունեցած երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում «Ծաղկե պարտեզը խավարում» ստեղծագործության համար արժանացել է 3-րդ մրցանակին: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են շվեյցարական հրատարակչությունում: 2001թ. լույս է տեսել նրա «Արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն: Երգել է «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ», «Հովեր» երգչախմբերում: 2014թ. Հանովերում հնչել է նրա «The Pillow Tagh» ստեղծագործությունը, որը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով: Հեղինակել է նաև մի շարք երաժշտագիտական հոդվածներ: 2016թ․ «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։ Զբաղվելով նաև ջազային ներկայացումներով՝ կատարել է հեղինակային ազատ իմպրովիզացիաներ տարբեր երաժշտական ոճերում: