Ծնվել է Բաղեշում (այժմ՝ Բիթլիս, Թուրքիա): Աշակերտել է Բաղեշի հոգևոր առաջնորդ Մեսրոպ վարդապետին։ 1641թ. ձեռնադրվել է քահանա, 1647թ.՝ վարդապետ, 1651թ. դարձել է Բաղեշի Խնդրակատար վանքի, կյանքի վերջին տարիներին՝ Տարոնի Առաքելոց վանքի վանահայր։ Ընդօրինակել կամ ընդօրինակել է տվել մի շարք ձեռագրեր։ Հիմնական աշխատությունը ժամանակագրությունն է՝ «Դաւթի Բանասիրի Բաղիշեցոյ ծաղկաքաղ արարեալ ի բազում պատմագրաց զազգն Յաբեթի և սուղ ինչ զՍեմայ և զՔամայ ըստոյգ գտակաւ բազում աշխատութեամբ ընտրելով զլաւն և զպիտանին անսխալապէս շնորհօք Քրիստոսի Աստուծոյ մերում»։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինն ընդգրկում է հայոց պատմությունը, սկսած հնագույն ժամանակաշրջանից մինչև հեղինակի ժամանակը՝ 1662թ., երկրորդ մասը ընդհանուր պատմությունն է՝ ընդգրկում է նախահռոմեական, հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանը, որն սկսվում է Աստվածաշնչով ու ավանդական զրույցներով և ավարտվում թուրքերի կողմից 1453թ. Կ.Պոլսի գրավման համառոտ նշումով։ Նրա ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր հեղինակների աշխատություններից (Աստվածաշունչ, Հոմերոս, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ և այլն), որոնց հաղորդումները ներկայացնում է համառոտ կամ նույնությամբ։ Հեղինակին ժամանակակից անցքերին քիչ տեղ է տրված։ Արժեքավոր տեղեկություններ կան Բաղեշում կատարված դեպքերի վերաբերյալ։ Մահացել է Բաղեշում: