Ծնվել է 1985թ. մայիսի 10-ին, Երևանում: Բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի և բալետի արտիստ Նադեժդա Դավթյանի որդին է: Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, 1994-2001թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2001թ. մասնակցել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի պարի միջազգային մրցույթին և ստացել Նուրիևի կրթաթոշակ ու առաջարկ՝ մասնագիտական կրթությունը շարունակելու Անգլիայի բալետի թագավորական դպրոցում (Covent Garden), ուր սովորել է 2001-04թթ: Անգլիայում համատեղել է աշխատանքն այս հեղինակավոր պարային խմբում և Բիրմենհեյմի թագավորական բալետում: Գերազանց ավարտելով դպրոցը, երեք տարի հետո աշխատանքի է ընդունվել Թուլուզի Կապիտոլի պետական թատրոնի բալետային խումբ, որտեղ աշխատել է մինչև 2022թ.: Հետագայում ավարտել է Թուլուզի Mirail պետական համալսարանի արվեստի ու հաղորդակցության բաժինը, ինչպես նաև Թուլուզի արվեստի ու դիզայնի բարձրագույն ինստիտուտը՝ ստանալով պարուսույց-պրոֆեսորի որակավորում: Որպես առաջնակարգ մենակատար կատարել է գլխավոր դերեր դասական ու ժամանակակից բալետներում: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), «Բայադերկա» (Սոլոր), Լ.Դելիբի «Կոպելիա» (Ֆրանց), «Սելֆիդաներ» (Ջեյմս), Պ.Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» (Արքայազն), «Քնած գեղեցկուհին» (Կապույտ թռչուն), «Մահացած թագուհին» (Դոն Պեդրո), «Չմշկորդներ» (Կապույտ տղա), «Պակիտա» (Գլխավոր դեր), «Կամակոր կնոջ ժամանակը» (Հորտենզիո), «Բրել» (Բուրժուաներ), «Պագանինի», «Կարմեն», «Բեթհովենի 7-րդ սիմֆոնիա», «Սիմֆոնետտա», «Բուենոս Այրեսի եղանակները», «Գարնանային ծեսը», «Մենք սիրում ենք Մոցարտին», Ա.Ադանի «Ժիզել» (Կոմս Ալբերտ), «Ծովահենը» (Կորսար), Հ.Սոգետի «Միրաժ» (Երիտասարդ), Հայդնի «Գեղեցկուհին և Հրեշը» (Հրեշ), Ջ.Բալանչինի «Անառակ որդի», Ա.Գլազունովի «Ռայմունդա» (Ժան դը Բրիեն), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոսե), Ջ.Վերդիի «Երեք հրացանակիրները» (դ’Արտանյան), Պ.Չայկովսկու «Թեմա և վարիացիաներ» (բեմադրությունը՝ Բալանչինի), «Պա-դե-դե» (բեմադրությունը՝ Բալանչինի), «Տարանտելլա պա-դե-դե», (բեմադրությունը՝ Բալանչինի) և այլն: Մասնակցել է բալետի համաշխարհային մի շարք փառատոների, հյուրախաղերով եղել է Իտալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում, Լատվիայում, Ֆրանսիայում և այլուր, հանդես է եկել աշխարհի բազմաթիվ թատրոնների բեմերում` Պրահայի, Շանհայի, Պալերմոյի, Երևանի և այլն: Նրա մասնակցությամբ (գլխավոր դերերում) Opus Arte-ն նկարահանել է «Կորսար» և «Մահացած թագուհին» բալետները և թողարկել տեսահոլովակներ: 2011թ. արժանացել է Լոզանի փառատոնի «Լավագույն արտիստ» մրցանակին: Թուլուզի քաղաքապետարանի կողմից արժանացել է Danseur Étoile-ի կոչման: 2021թ. ստացել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: 2022թ-ից ղեկավարում է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: