Ծնվել է Տրապիզոնում: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, երաժիշտ Տիգրան Կյուրեղյանի դասարանում, ապա՝ Վենետիկի կոնսերվատորիայում: 1900թ. ավարտել է Բրյուսելի կոնսերվատորիան, աշակերտել Ց.Թոմսոնին, տարբեր ժամանակներում նաև Օ.Շևչիկին, Յ.Կուբելիկին, Պ.Սարասատեին: 1904թ. Բրյուսելի Միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, հրավիրվել է Բրյուսելի կոնսերվատորիա՝ որպես ջութակի դասարանի պրոֆեսոր: 1905թ. համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Ամստերդամում և Եվրոպայի այլ քաղաքներում, Եգիպտոսում: 1906թ-ից համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Երևանում, Վաղարշապատում, Կարսում, Ռուսաստանի քաղաքներում: Համերգացանկում ընդգրկել է Բախի, Բեթհովենի, Շումանի, Գրիգի, Պագանինիի, Սեն-Սանսի, Սարասատեի, Էռնեստի, Բացինիի, Վյոտանի ստեղծագործությունները, ինչպես և հայ ժողովրդական երգեր: 1908թ. դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սերտ կապի մեջ եղել Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի և այլ երաժիշտների հետ: Գրել է «Հայու հոգին», «Կիլիկիո արցունքներ», «Անուշ հիշատակներ», «Մահվան քայլերգ» մանրանվագներ, բանաստեղծություններ, հոդվածներ: Երաժշտի վերջին ելույթը տեղի է ունեցել Թուրքիայի Մարզվան քաղաքում, ուր մահացել է սրտի կաթվածից: