Ծնվել է Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Սբ. Եղիա ժողովրդապետական վարժարանում: 1942թ. ավարտել է Պուրճ Համուտի Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանը: Պատանեկան տարիներից հակում է ցուցաբերել դեպի գրականությունն ու թատերական արվեստը: 1942թ-ից գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, 1943թ-ից նվիրվել թատերական արվեստին: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1943թ. ապրիլի 4-ին՝ Մեսրոպյան Սանուց միության թատերախմբում կատարելով Հրանտ Իշխանի դերը «Երեք քաջեր» կատակերգության մեջ: Հետագայում կերտել է Բաբկենի դերը Ա.Ահարոնյանի «Արցունքի հովիտը» պիեսի բեմադրության մեջ: Վերադառնալով Մեսրոպյան վարժարանի «Միհր» թատերախումբ՝ հանդես է եկել որպես ձևավորված դերասան, դարձել բեմադրիչ ու դրամատուրգ: 1945թ. այդ թատերախմբում են առաջին անգամ խաղացվել նրա գրած «Պատճառը ես եղայ» ողբերգությունը և «Բանաստեղծ» երգիծախաղը: 1946թ. կազմակերպել է «Լիբանանահայ թատերախումբը», որը գործել է մինչև 1954թ.: Թատերախմբում նրա պիեսներից խաղացվել են «Ծաղկավաճառուհին» (1948թ.), «Մեռեալ կեանքեր» (1950թ.) դրամաները, որոնցում շոշափվել են ժամանակակից կյանքում տեղի ունեցող բարքերին, մարդկային հարաբերություններին նվիրված հարցեր: Նրա թատերական գործունեությունը շարունակվել է նաև «Պետրոս Ադամեան», «Գերմանիկ» թատերախմբերի, «Պէյրութահայ քուլիսականներու թատերախումբի» ստեղծագործական միջավայրում թե՛ որպես դերակատար, թե՛ որպես ռեժիսոր: Այս շրջանում նա հանդես է եկել պատմական ու ժամանակակից, դրամատիկ ու կատակերգական մի շարք պիեսների բեմադրություններում: Խաղացել է Էլիզբարյանի («Պատվի համար»), Ծերունի Հակոբի («Արտիստը»), Սանատրուկի («Սանդուխտ կույս»), Ասլանի («Արցունքի հովիտը»), Անանիա Հայրապետի («Աբաս»), Մոգպետի («Հրաշալի հաղթանակ»), Վահեի («Շատերէն մէկը կամ Վերջին վարագոյրը»), Մանուկ աղայի («Մեծապատիվ մուրացկաններ») և այլ դերեր: Հյուրախաղային ներկայացումներ է տվել Զահլեում, Շթորայում, Լաթաքիայում, Այնճարում, Դամասկոսում և այլ վայրերում, բարեգործական օգնություն ցույց տվել դպրոցներին, ծերանոցներին և այլ կարիքավորների: 1953թ-ից երկար տարիներ եղել է Կ.Պոլսի «Քուլիս» թատերական հանդեսի մշտական թղթակիցը, արձագանքել, լուսաբանել թատերական կյանքի նորությունները, հոբելյանական հանդես-մեծարումները: 1977թ. տեղափոխվել է Կանադա: 1978-85թթ մասնակցել է Մոնրեալի «Արմենյան» թատերախմբի ներկայացումներին («Վարդանանք», «Հարս ու կեսուր», «Դէպի երկիր», «Արցունքի հովիտը», «Աղջիկտես» և այլն): 1979-89թթ Գևորգ Պաղճյանի հետ վարել է «Արձագանգ հայ աշխարհէն» թեմայով հեռուստատեսային հաղորդումների շարքը: Գրել է նաև բանաստեղծություններ, գրախոսականներ, թատերախոսականներ, հուշեր-հանդիպումներ, դրամատիկական և կատակերգական պիեսներ, հարցազրույցներ կազմակերպել: Նրա գրած պիեսների թվին են պատկանում՝ «Պատճառը ես եղայ», «Բանաստեղծ», «Ծաղկավաճառուհին», «Ոճիր՝ ոճիրներ», «Մեր հայելին», «Իսուբը», «Մռայլ կեանքեր», «Հրաշալի յաղթանակը», «Մումիայի վաճառականը», «Կեանքի ելևէջը», Րաֆֆու«Խաչագողի հիշատակարանը» գործի բեմականացումը: Եղել է նաև թատրոնի պատմաբան: Իր ողջ ստեղծագործական կյանքում հավաքել է թատերական կյանքին վերաբերող ամեն տեսակի ձեռագիր և տպագիր նյութեր, ներկայացումների ազդագրեր, ծրագրեր, լուսանկարներ, թերթեր, նամակներ և այլ կարգի փաստաթղթեր, որոնք օգտագործել է իր գրվածքներում: Հրատարակվել են նրա «Թատերայուշեր եւ նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» (Բեյրութ, 1971թ.), «Թատերական կեանքիս ճամբուն վրա» (Լոս Անջելես, 1989թ.), «Պահ մը Դաւիթ Յ. Էվերեկլեանի հետ...» (Մոնրեալ, 1995թ.), «Միշտ… թատերական կեանքիս ճամբուն վրայ» (Լոս Անջելես, 1999թ.) գրքերը: Մահացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: