Zark Foundation

Դավիթ Խանջյան

Դավիթ Խանջյան

Դիրիժոր, կոմպոզիտոր

30 հուլիս, 1940 - 14 մարտ, 1981

Ծնվել է Երևանում: Եղել է երաժշտագետ Հակոբ Խանջյանի և երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի որդին: 1963թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ռոբերտ Անդրեասյանի դաշնամուրի, 1968թ.` Միքայել Մալունցյանի դիրիժորության բաժինները: 1972-73թթ որպես դիրիժոր կատարելագործվել է Վիեննայում՝ Հ.Սվարովսկու և Գ.Շերխի դասարաններում: 1968-74թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1974-81թթ` գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Դիրիժորի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Շտրաուսի «Դոն Կիխոտ», «Մահ և պայծառացում», «Այսպես խոսեց Զրադաշտը» պոեմները, Մահլերի թիվ 1 և 5 սիմֆոնիաները, Ստրավինսկու «Հրեղեն հավք», «Պետրուշկա», «Գարուն սրբազան» բալետային սյուիտները, Ջութակի կոնցերտը, Բարտոկի «Հրաշալի մանդարինը», Դեբյուսիի «Ծովը» և այլ երկեր: Երկացանկում մեծ տեղ են գտել հատկապես հայ կոմպոզիտորների գործերը: Եղել է Ավետ Տերտերյանի գործերի նվիրված կատարողը: 1970-81թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն ընդլայնել է իր գործունեությունը` հանդես գալով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում և այլուր: 1971թ. արժանացել է Դիրիժորների համամիութենական 3-րդ մրցույթի դիպլոմի և ՀԼԿԵՄ պետական մրցանակի: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1981թ. ՀՀ Պետական մրցանակի (հետմահու): Մահացել է Երևանում: