Ծնվել է Բուխարեստում: 1947թ. սովորել է Բուխարեստի Չ.Պորումբեսկուի անվան կոնսերվատորիայում, 1953թ. ավարտել Կլուժ-Նապոկայի «Գեորգիա Դիմա» կոնսերվատորիան: 1950թ-ից եղել է Կլուժ-Նապոկայի, 1958թ-ից՝ Բուխարեստի, 1968-77թթ՝ միաժամանակ Համբուրգի օպերային թատրոնների առաջատար մեներգիչ: Կյանքի ընթացքում հանդես է եկել ավելի քան 2000 օպերային ներկայացումներում, կատարել շուրջ 40 գլխավոր դերեր: հանդես է եկել այնպիսի օպերային երգիչների հետ, ինչպիսիք են՝ Լուչիանո Պավարոտին, Մոնսերատ Կաբալիեն, Պլասիդե Դոմինգոն և այլք: Տիրապետել է ընդարձակ ձայնածավալի թավ, տպավորիչ ձայնի. կատարմանը բնորոշ է եղել զուսպ առնականությունը, կերպարի խորը հոգեբանական մեկնաբանումը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» (Տոնիո), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել), Վերդիի «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Աիդա» (Ամոնասրո), Պուչչինիի «Տոսկա» (Սկարպիա), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (Բորիս Գոդունով), Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ֆիգարո), Ա.Տիգրանյանի«Անուշ» (Մոսի, համերգային կատարում, «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ, 1962թ.) և այլն: Նրա գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ արքա»), որը Բուխարեստի օպերային թատերախմբի հետ հրավիրվել է կատարելու արտասահմանյան մի շարք բեմերում: Հյուրախաղերով եղել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում՝ Վիեննա, Փարիզ, Համբուրգ, Մոսկվա և այլուր: 1958թ-ից պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում՝ հանդես գալով նաև համերգային ծրագրով: 1952թ. արժանացել է Ռումինիայի վաստակավոր արտիստի կոչման և Ռումինիայի պետական մրցանակի, ինչպես և ձայնապնակի՝ Գրան Պրի (1974թ., Փարիզ) ու 1-ին մրցանակի (1976թ., Տոկիո), 1999թ.՝ «Գեորգե Դիմա» կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչման և բազմաթիվ այլ մրցանակների: Մահացել է Բուխարեստում: