Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, 11 տարեկանից` սաքսոֆոն: 2008թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Սովորել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանիանվան թիվ 1 երաժշտական դպրոցում, 2008-12թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ավարտել է նաև կոնսերվատորիայի փողային բաժնի մագիստրատուրան: 2005թ. մասնակցել է Երևանում կայացած «Յամահա» սաքսոֆոնահարների մրցույթին, արժանացել 2-րդ մրցանակին, Ա.Սպենդիարյանի անվան առաջին մրցույթ-փառատոնին, արժանացել դիպլոմի: Նույն թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում: 2006թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում հանդես է եկել երկրորդ մենահամերգով: 2007թ. մասնակցել է Ա.Սպենդիարյանի անվան երկրորդ մրցույթ-փառատոնին և արժանացել դափնեկրի կոչման ու 1-ին մրցանակին: Գյումրիում մասնակցել է պատանի երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնին և կրկին արժանացել 1-ին մրցանակին, դափնեկրի կոչման ու «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2008թ. մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում կայացած «Սելմեր-Փարիզ» սաքսոֆոնահարների միջազգային մրցույթին և դարձել դիպլոմանտ, ապա` Հայստանի սաքսոֆոնահարների առաջին մրցույթին, դարձել դափնեկիր: 2009թ. Գյումրիում մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: 2010թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ճանաչվել է Երևանի կոնսերվատորիայի լավագույն ուսանող: 2012թ. Դոնի Ռոստովում կայացած երիտասարդ ջազ կատարողների 8-րդ միջազգային մրցույթում դարձել է 1-ին մրցանակի դափնեկիր: Եղել է «Նոր անուններ» և Կ.Օրբելյանի անվան բարեգործական հիմնադրամների անդամ: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Այժմ աշխատում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում: Նվագում է նաև «Chico & Friends», «Imagine Band», «Միքայել Ոսկանյան և ընկերներ» և այլ խմբերում: