Zark Foundation

Դավիթ Միրոյան

Դավիթ Միրոյան

Հիփ-հոփ արտիստ, պրոդյուսեր

Ծնվել է 1989թ. ապրիլի 10-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Սոնա Աբրահամյանի ամուսինն է: 2004թ. ավարտել է Երևանի «Քվանտ» վարժարանը: 2004-08թթ սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Պրոդյուսերական կրթությունն ստացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի մենեջմենթ ֆակուլտետում՝ Ռուբեն Ջաղինյանի արվեստանոցում: 2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մասս-Մեդիա» ուսումնական կենտրոնի մագիստրատուրան՝ արվեստի կառավարում մասնագիտացմամբ։ Առաջին պրոդյուսերական քայլերն արել է որպես սեփական երաժշտական նախագծի պրոդյուսեր՝ ստեղծելով «Դավո» հիփ-հոփ նախագիծը և դառնալով Հայաստանում հիփ-հոփ երաժշտության հիմնադիրներից մեկը։ Այս նախագծի շրջանակներում նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ, 2010թ. թողարկել է «Դավո» ձայնասկավառակը, համերգներով ելույթ է ունեցել Երևանում ու ՀՀ մարզերում, մասնակցել լայնամասշտաբ պետական համերգների ու նախագծերի։ 2009թ. մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին։ Արժանացել է մրցանակների, գլխավորել հիթ շքերթներն ու եղել մի շարք երաժշտական նախագծերի դեմքը։ 2012թ-ից սկսել է համագործակցել հայ արտիստների (Քրիստինե Պեպելյան, Սիլվա Հակոբյան, Սոֆի Մխեյան և այլն) հետ, որպես պրոդյուսեր և գծային պրոդյուսեր, նկարահանելով բազմաթիվ տեսահոլովակներ։ 2013թ. Berg Sound ընկերության հետ համատեղ աշխատել է 3 գեղարվեստական ֆիլմի վրա՝ համագործակցելով հայ, ռուս, վրացի ռեժիսորների, դերասանների հետ։ Նույն թվականին սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Որպես հեռուստաարտադրության բաժնի ղեկավար պատասխանատու է եղել հեռուստաընկերության արտադրական գործընթացների պլանավորման և իրականացման համար: Այնուհետև ստանձնել է Ծրագրերի տնօրենի պաշտոնը՝ գլխավորելով եթերացանցի պլանավորման, հեռարձակման գործընթացները։ Ապա ստանձնել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Պատասխանատու է եղել մի շարք պետական նշանակության միջոցառումների և իրադարձությունների հեռարձակման (Հայոց ցեղասպանության 100-ամյակ, ՀՀ ԱԺ ընտրություններ, Նախագահական ընտրություններ, Հայոց բանակի 25-ամյակի տոնական համերգ և այլն), ինչպես նաև լայնամասշտաբ շոուների (Եվրատեսիլ, Օսկար, Գրեմմի, Նոբելյան մրցանակաբաշխություն, Օլիմպիական խաղեր և այլն) տեղական հեռարձակման համար: 2018թ. եղել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի ընտրող հանձնաժողովի նախագահը: Որպես հրավիրված դասախոս դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մասս-Մեդիա» ուսումնական կենտրոնում: 2018թ. հիմնել է սեփական ընկերությունը՝ Be Up Production-ը: Իրականացրել է գովազդային նախագծեր խոշոր ընկերությունների համար։ Համագործակցել է պետական կառավարման օղակների հետ (ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ)՝ իրականացնելով լայնամասշտաբ նախագծեր, որոնք եթեր են հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Ընկերությունը 2019թ. իրականացրել է «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխությունը: Որպես պրոդյուսեր տարբեր նախագծերի շրջանակներում համագործակցել է Հայաստանի խոշոր ընկերությունների հետ: 2019թ. որպես պրոդյուսեր իրականացրել է Սրբուկի «Armenian folk» ալբոմը: Նույն թվականին որպես պրոդյուսեր իրականացրել է «Հայ Համերգ» նախագիծը, ինչպես նաև նախագծի տեսահոլովակները և երկու համերգները: 2020թ. որպես պրոդյուսեր, համագործակցելով «Շարմ Հոլդինգ»-ի և «Միտոյան Փրոդաքշն»-ի հետ, իրականացրել «Վիշապ» հայալեզու առաջին կոմիկսի նախագիծը: Նույն թվականին ստանձնել է «Crowdfunding video production»-ում մասնագիտացված Հայաստանում առաջին Millenium 5 ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը՝ ստեղծելով միջազգային ստարտ ափերի մարքեթինգային արշավի համար նախատեսված հոլովակներ, որոնք տեղադրվել են Indiegogo.com, Kickstarter.com կայքերում: Ծավալած պրոդյուսերական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու պատվոգրերի: Նրա «Իմն ես. Remix» երգն արժանացել է «Հայ 5» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ» մրցանակին, «Իմն ես» երգը՝ «Թոփ 10» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության «Հուլիս ամսվա լավագույն երգ-տեսահոլովակ» մրցանակին, «Ռադիո Վան»-ի «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին: