Ծնվել է 1952թ. նոյեմբերի 7-ին, Արցախի Ասկերանի շրջանի Բալուջա (այժմ՝ Այգեստան) գյուղում: Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո` 1973թ-ից աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» այժմ` «Ազատ Արցախ» օրաթերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ: 1978-80թթ եղել է Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարը: 1989թ. ընտրվել է Արցախի գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետև գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997թ. կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` նախ որպես բաժնի վարիչ, ապա` թերթի պատասխանատու քարտուղար: 1990-2008թթ եղել է Արցախի կառավարության մամուլի ծառայության պետը, 1997-2001թթ՝ Արցախի գրողների միության քարտուղարն ու «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: Միաժամանակ եղել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցը Արցախում: Անդամակցում է Հայաստանի և Արցախի գրողների միությանը, ինչպես նաև Արցախի ժուռնալիստների միությանը: Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու, «Լուսաձորցի Մաքին կատակում է» գիրքը, երգիծական պատմվածքների և «Հոգևոր թեմի վերածնունդն Արցախում» ժողովածուն` նվիրված քրիստոնեությունն Հայաստանում պետական կրոն հաստատելու 1700-ամյակին: Լույս է ընծայել նաև «Բոլորովին հոդի, բոլորովին սեր» գիրքը` Մուրացանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: 2004թ. հրատարակվել է նրա «Լույսը պահապան» բանաստեղծությունների, իսկ 2008թ.` «Ծաղկել է ձորի խնձորին» էսսեների, ակնարկների և, ճամփորդական նոթերի ժողովածուն: 2011թ. լույս է տեսել նրա «Մարիամիկը զարմանում է» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն: 1999թ. արժանացել է Արցախի ԱԺ կողմից հայտարարված «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հատուկ և Արցախի կառավարության (1999թ.) Եղիշեի անվան պետական մրցանակին` Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված «Ցավից և սիրուց ծնված երգեր» շարքի համար: 2008թ. պարգևատրվել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: