Zark Foundation

Դավիթ Մուրադյան

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1993թ-ից կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար է (2007թ-ից՝ պրո‎ֆեսոր): 1969-ից տպագրվել է: 1976թ. հրատարակվել է առաջին գիրքը: Հետագայում հեղինակել է նաև «Մեր հին դաշնամուրը» (2003թ.), «Ժառանգության իրավունք» (2005թ.), «Оркестр в зале ожидания» (2006թ.), «Երազների մեկնություն» (2009թ.), «Ձեռքով գրված նամակներ» (2014թ.) և այլ գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: 1971-73թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91թթ և 1997-2001թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում (փոխտնօրեն): Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի պետական թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով: Երկար տարիներ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված մի շարք հաղորդումներ: «Մեր հին դաշնամուրը» պիեսը հինգ տարի եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և երկու տարի՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկերում: Այդ պիեսի հիման վրա ստեղծվել է նաև հեռուստաբեմադրություն և ռադիոբեմադրություն: 2003թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը արժանացել է ՀԳՄ Լ.Շանթի անվան մրցանակին` որպես «Տարվա լավագույն պիես»: Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն: 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, որտեղ 1994-96թթ և 2001-08թթ եղել է քարտուղարը: Եղել է տարբեր կինոփառատոների մրցատյանների անդամ, մասնակցել միջազգային գիտաժողովների: Թարգմանել է Ս.Ալյոշինի, Վ.Կորոստիլյովի, Ս.Օստրովսկու պիեսները: 2008-10թթ եղել է ՀՀ մշակույթի փոխնախարարը, 2011-16թթ՝ Հայկական կինոակադեմիայի նախագահը, 2014-18թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: 2006թ. արժանացել է ՀԺՄ «Ոսկե գրիչ», 2010թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակների (դրամատուրգիա), 2011թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: