Դավիթ Չիսլիև
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1909թ. ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1912թ-ից եղել է Թիֆլիսի քաղաքային վարչության գլխավոր ճարտարապետը, 1921-26թթ` Թիֆլիսի պետկառույցների կոմիտեի փոխտնօրենը, 1926-34թթ` Լենինականի վերականգնման արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, 1934-41թթ` Սոչի-Մացեստա ճարտարապետական խմբի գլխավոր ճարտարապետն ու փոխտնօրենը: 1932թ-ից բնակվել է Մոսկվայում: Ավարտին է հասցրել դեռևս 1908թ. սկսած հունական հինգ օրդերների աղյուսակի և այլ նյութերի ամփոփումը: Նրա նախագծերով Թիֆլիսում կառուցվել են բնակելի տներ (1918-22թթ), դպրոցներ, «Քաղաքային խմբակի» («Կրուժոկ») եռահարկ ակումբը (1914թ., այժմ` Սպայի տուն), «Զարյա Վոստոկա» (ռուսերեն) թերթի խմբագրատունը (մրցույթային նախագիծ, 1927թ., առաջին մրցանակ` 1930թ.) և այլն: Լենինականում կազմել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը (1926թ.), կառուցել փորձնական երկրաշարժակայուն եռահարկ վեց շենք (բոլորը 1988թ. երկրաշարժի ժամանակ մնացել են կանգուն), 1926-34թթ մասնակցել է Մայիսյան ապստամբության հրապարակի, մի քանի փողոցների կառուցապատմանը, նախագծել և կառուցել է «Շիրակ» եռահարկ հյուրանոցը (1928թ.), պետբանկի շենքը, Սոչիում` «Բելվեդեր» ռեստորանը, Մոսկվայի Գոգոլյան պուրակում` Արթիկի վարդագույն տուֆից յոթհարկանի բնակելի տուն (1935թ.): Արթիկում հայտնաբերել է վարդագույն, կարմիր և մանուշակագույն տուֆերի մեծ հանքաշերտեր, կազմակերպել խոշոր քարհանք և տուֆի արդյունաբերական արտադրությունը: Հեղինակել է «Արթիկի տուֆի շինարարական լավաները» գիրքը (ռուսերեն): Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: