Zark Foundation

Դավիթ Պողոսյան

Դավիթ Պողոսյան

Օպերային երգիչ

9 սեպտեմբեր, 1911 - 8 սեպտեմբեր, 2004

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գեղանկարչուհի Քնարիկ Վարդանյանի ամուսինը: 1932-34թթ եղել է Երևանի օպերային թատրոնի արտիստ: 1937թ. ավարտել է Մոսկվայի Հայ կուլտուրայի տան վոկալ-դրամատիկական ստուդիան, 1972թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիյի օպերային երգեցողության բաժինը (էքստերն): 1937-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: Ձայնածավալի լայնությունն ու ձայնի ճկունությունը հնարավորություն են տվել կատարելու ինչպես բասի, այնպես էլ բարիտոնի որոշ դերերգեր: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ, Ռուբեն), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), «Դավիթ Բեկ» (Մելիք), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Ավո), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), Մուրադելիի «Մեծ բարեկամություն» (Իսմայիլ), Ի.Դերժինսկու «Խաղաղ Դոն» (Սաշկա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Գրեմին), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել), Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սիմոն բիձա), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Հոր-հոր աղա) և այլն: Կատարել է բասային երգամասեր Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում, Մոցարտի Ռեքվիեմում, Բախի h-moll մեսսայում և այլն: Երկացանկում տեղ են գտել նաև հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Հայ կինոյում կերտել է դերեր մի քանի ֆիլմերում` «Դավիթ Բեկ» (1943թ.), «Արարատյան դաշտավայրի աղջիկը» (1949թ.), «Սայաթ-Նովա» (1960թ.): 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր): 1967թ. նկարահանած «Կարինե» ֆիլմում կատարել է Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» երգը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1947թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: