Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին, Թբիլիսիում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, որտեղ 1977թ. ավարտել է Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը: 1984թ-ից աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Անգլերեն հաղորդակցման ամբիոնի պրոֆեսոր է: 1990թ. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում պաշտպանել է «Շելլին հայ գրական-հասարակական մտքի գնահատությամբ» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1999թ. ստանձնել է դոցենտի պաշտոն, 2004թ. ստացել է դոցենտի կոչում, 2007թ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է շուրջ 50 գիտական աշխատանք: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական և միջազգային գիտական համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրատարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում: 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է ավելի քան 15 գիրք: Հրատարակվել են նրա «Աստղակաթ» (1999թ.), «Այրված կամուրջների վրայով» (2004թ.), «Երդվում եմ երկնքի ու երկրի արևով» (անթոլոգիա, 2006թ.), «Նոյի թվի դարդ ու ցավ» (2008թ.), «Աստված խելքը թռցրել՝ անօգնական նայում է մարդկանց» (2008թ.), «Աստծո բնակեցրած երկրում» (2010թ.), «Խա՛բս տուր դրան» (պիես, 2010թ.), «Տասը լավագույն պատմվածք» (պատմվածքներ, 2011թ., հայերեն, անգլերեն) գրքերը: Կատարել է թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը: Անգլերենից թարգմանել է Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» (2000թ.), «Ռեքվիեմ միանձնուհուն» (վերջին արարի նախերգանքը` «Բանտը», 2004թ.), Կուրտ Վոնեգուտի «Հարևան տունը» (2004թ.), «Կապտամորուսը» (2005թ.), Դոնալդ Բարթելմի «Ես ու միսս Մանդըբըլը» (2004թ.), Վիլյամ Սարոյանի «Գրողի խոստովանություն» (2008թ.) և այլ երկեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն, պարսկերեն, թուրքերեն, ռումիներեն, խորվաթերեն, արաբերեն լեզուներով և հրատարակվել արտասահմանյան հայտնի ամսագրերում ու անթոլոգիաներում: 2008թ. «Աստված խելքը թռցրել՝ անօգնական նայում է մարդկանց» գրքի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին։ «Աստծո բնակեցրած երկրում» վեպը 2009թ. արժանացել է ՀԳՄ, Ռուսաստանի Հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի մրցանակին: