Zark Foundation

Դիրան Թավիջյան

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Ծնվել է 1977թ. փետրվարի 18-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում: Թմբկահար Գարաբեթ Թավիջյանի որդին է և թմբկահար Գարո Թավիջյանի եղբայրը, ում հետ հանդես է գալիս որպես «Թավիջյան եղբայրներ» դուետով: 6 տարեկան հասակից հաճախել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան: Սովորել է դաշնամուր և հարվածային գործիքներ, հետաքրքրվել ջազ երաժշտությամբ: 1995թ-ից աշխատել և նվագել է հոր հիմնադրած «Garo & Paramecium» խմբում, որտեղից սկսել է երաժշտական գործունեությունը` որպես դաշնակահար, երգահան, գործիքավորող: Խմբի շրջանակներում ունեցել է ավելի քան 400 համերգային շրջագայություն ամբողջ Եվրոպայով, համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջո Զավինուլը, Բրանֆորդ Մարսալիսը, ՄքՔոյ Թայները, Բլյուզ Բրադրզ և այլք: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ջազ փառատոների մի շարք երկրներում` Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ավստրիա, Էստոնիա, Խորվաթիա, Լեհաստան, Հարավսլավիա և այլուր: Հեղինակել է նաև ֆիլմերի երաժշտություն, որոնցից է ամերիկյան «Կյանքի տատանումներ» («Variations of Life») գեղարվեստական ֆիլմը: Որպես գործիքավորող աշխատել է բազմաթիվ հանրահայտ փոփ-երգիչների հետ և երաժշտական նախագծերի շրջանակներում: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Մակեդոնիայի մշակույթի նախարարության «Անկախ արտիստ» կոչման (2002թ.): «Թավիջյան եղբայրներ»-ով (եղբոր` Գարոյի հետ համատեղ) ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը, որը Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: 2012թ., եղբոր հետ միասին, արժանացել է «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչման: 2013թ. առաջին անգամ այցելել է Երևան, որտեղ համերգով հանդես է եկել եղբոր հետ` հայկական ջազի 75-ամյակի համերգի ժամանակ: