Ծնվել է Ստեփանակերտում: 1967թ. Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1973թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975թ. երկու տարով աքսորվել է Սիբիր՝ խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար, 1978թ. ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոընկերությունը։ Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր: Նրա ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր հեռուստաընկերություններով։ Հեղինակել է «Վտանգավոր լույս» գիրքը։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969թ-ից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր։ Կինոռեժիսորի գործերից են՝ «Արջը» (1984թ.), «Կոմիտաս» (1988թ.), «Լեռնային Ղարաբաղ» (1988թ.), «Ավետիք» (1992թ.), «Փարաջանով» (1998թ.), «Երաժիշտները» (2000թ.), «Հին հռոմեական ճանապարհին» (2001թ.), «Արարատ. 14 տեսանկյուն» (2007թ.), «Հայրիկ» (2008թ.) և այլն: 1988թ. արժանացել է Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալի («Կոմիտաս» ֆիլմի համար), 2004թ.՝ «Ոսկե տեսախցիկ» մրցանակի՝ միջազգային «Արտ» կինոփառատոնում վաստակի համար: Արժանացել է նաև Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակի, այլ կինոփառատոների մեդալների ու դիպլոմների: Մահացել է Բեռլինում: