Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորվել է Դեյր Էլ-Զոր։ Մինչև 1916թ. Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ։ 1919-23թթ աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924թ. տեղափոխվել է Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։ Եղել է հայկական գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողը։ Հեղինակել է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգեր։ Լավագույն աշխատանքներից են՝ Մ.Գորկու (1932թ., նվիրել է Մ.Գորկուն), Ֆ.Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935թ., ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախագահ Ռուզվելտի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։ Մեծ մասամբ ԽՍՀՄ ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ պետերբուրգ, Բաքու, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։ Մահացել է Երևանում: