Գոռ Սուջյան` վոկալ
Գագիկ Խոդավիրդի` կիթառ
Էդգար Սահակյան` բաս կիթառ
Արման Փահլևանյան` ստեղնաշար
Արման Ջալալյան` հարվածային
Հիմնադրվել է 2008թ. հունիսին` Վահագն Գևորգյանի կողմից, ով մինչ 2012թ. հանդիսացել է խմբի մենեջերը: 2009թ. խումբը մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի նախընտրական փուլին, որից անմիջապես հետո ձեռք է բերել ճանաչում: 2009թ. Մոսկվայի «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա Հայտնություն» մրցանակին: Հունիսին ունեցել է առաջին համերգը Երևանում: Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի և Տոնի Այոմիի հետ հանդիպումից հետո խումբը «Rock Aid Armenia» նախագծի շրջանակներում ունեցել է համերգ, որի հասույթը տրամադրել է Գյումրիի երաժշտական դպրոցին: 2010թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում: 2010թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռոք խումբ», իսկ 2011թ.՝ «Տարվա լավագույն ռոք խումբ» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին: Նույն թվականին ձայնագրել է առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվել են Բրյուսելում, իսկ մասթերինգն արվել է Փարիզում: 2011թ. Երևանում ելույթ է ունեցել ռոք երաժիշտ, երգիչ Սերժ Թանկյանի համերգի բացմանը, իսկ 2012թ.` դաշնակահար, երաժիշտ Դերեկ Շերինյանի հետ համատեղ: 2011թ. թողարկել է «Fly» ձայնասկավառակը, որն 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին: 2012թ-ից խմբի մենեջերն է Արա Թադևոսյանը: 2013թ. «Lonely planet» երգով խումբը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: