Zark Foundation

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

29 հունվար, 1895 - 23 դեկտեմբեր, 1937

Ծնվել է ՀՀ Համամլու գյուղում (այժմ` Սպիտակ քաղաք): 1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և ընդունվել Կիևի առևտրի ինստիտուտի տնտեսագիտության բաժին: 1913թ-ից եղել է ՌՍԴԲԿ անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչակազմակերպչական աշխատանք է տարել արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստազորի զինվորների շրջանում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողկոմատում, 1918թ. սեպտեմբերից` Կարմիր բանակի մատակարարման բնագավառում: 1913թ. աշխատել է ուսանողական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ (բոլշևիկյան ֆրակցիայում): Նույն թվականին Տառաս Շևչենկոյի 100-ամյակի կապակցությամբ գործադուլին և միտինգին մասնակցելու ժամանակ ծեծվել և ձերբակալվել է: 1914թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ուսանողական ժողովներին ելույթներ է ունեցել հայ կամավորական շարժումների դեմ: 1915թ. ուսանողության հավաքագրման ժամանակ ընդունվել է ենթասպաների ուսումնարան, ապա ուղղարկվել պահեստի գունդ, իսկ այնտեղից` ռազմաճակատ: 1919թ. վերջին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել «Պահակ», «Նոր ուղի» թերթերի հրատարակմանն ու խմբագրմանը, ապա անցել Հայաստան: 1920թ. դեկտեմբերին վերադարձել է Հայաստան, նշանակվել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ, ապա` լուսավորության ժողկոմ: 1921թ. ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը: Վարել է տարբեր պաշտոններ` ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, նախագահության անդամ, 1928թ.` Փարիզի «Երևան» հայկական թերթի խմբագիր, «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, Երքաղխորհրդի նախագահ և այլն: 1932թ. նշանակվել է «Հայկական խորհրդային հանրագիտարանի» գլխավոր խմբագիր: Եղել է Հայաստանի գրողների միության առաջին նախագահը: 1934-36թթ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի լենինիզմի ու կուսակցության ամբիոնը և դասախոսել այնտեղ: 1936թ. օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից` կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում և գնդակահարվել, 1955թ. (հետմահու) արդարացվել։