Zark Foundation

Եգոր Խուբով

Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

4 մարտ, 1762 - 23 հունվար, 1835

Գևորգ Խուբյան
Ծնվել է Երևանում: Եղել է Երևանի Խուբյանների ընտանիքից, որոնք իրենց սերված էին համարում միջնադարի հայ նշանավոր Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից։ 1769թ-ից սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում՝ հորեղբոր՝ կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու հսկողությամբ։ Ավարտելուց հետո դպրի աստիճանով մինչև 1803թ. պաշտոնավարել է վանքում՝ միաժամանակ զբաղվելով ուսուցչությամբ։ 1780-ական թվականներից մասնակցել է պարսկական ու թուրքական բռնակալների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Միջնորդ թարգմանի դեր է կատարել Երևանի ու Նախիջևանի խաների և Կովկասում ռուսական կորպուսի հրամանատարության միջև վարվող բանակցություններում։ Հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչների թվում մասնակցել է Ռուսաստանի և Վրաստանի պետական ու զինվորական ներկայացուցիչների գաղտնի խորհրդակցություններին, Արևելյան Հայաստանը ազատագրելու ծրագրերի մշակմանը։ Մասնակցել է նաև 1796թ. պարսկական և 1804թ. Երևանյան արշավանքների ժամանակ ռուսական զորքի համար պարենամթերք հայթայթելուն։ Երկրորդ արշավանքի անհաջողությունից հետո, երբ պարսիկները հաշվեհարդար են կատարել հայերի նկատմամբ և խանի հրամանով այրել նաև Խուբյանների տունն ու թալանել ունեցվածքը, նա երկու որդիների հետ գաղտնի հեռացել է Երևանի խանության սահմաններից։ Իր հետ տարել է Ռուսաստանի հովանու տակ անցնելու մասին հայերի խնդրագիրը և 1805թ. դեկտեմբերին Մոզդոկում հանձնել ռուսահայոց թեմի առաջնորդ Եփրեմ արքեպիսկոպոս Ձորագեղցուն՝ ներկայացնելու ռուսական կառավարությանը։ Մոզդոկում աշխատել է հայկական դպրոցում՝ միաժամանակ վերսկսելով ընդհատված գրական աշխատանքները։ Այստեղ է շարադրել «1778-1809թթ Հայաստանի արժանահիշատակ անցքերի նկարագրությունը» աշխատությունը, որում պատկերել է հայ ժողովրդի ծանր վիճակը, Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու նրա ձգտումները։ Աշխատությունը (հայերեն բնագիրը չի հայտնաբերված) ռուսերեն թարգմանությամբ 1811թ. հրատարակվել է Պետերբուրգում, որի համար Ալեքսանդր 1-ին կայսեր հրամանագրով նրան շնորհվել է ադամանդյա մատանի։ Ավելի ուշ ճանաչվել է նաև տոհմական ծագումը և նրան շնորհվել ազնվականի տիտղոս։ 1814թ-ից դասավանդել է Ղզլարի հայոց դպրոցում, 1828-33թթ՝ Աստրախանի հոգևոր ճեմարանում։ 1833թ-ից Ղզլարում ծավալել է մանկավարժական գործունեություն և հետևել դաստիարակության դեմոկրատական ուղղությանը։ Այդ տարիներին կազմել է պատմագրական «Գաւազանագիրք...» հավաքածուն (երկու խմբագրությամբ պահպանվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում), որն ունի ժամանակագրական բնույթ։ Հաջորդականությամբ շարադրել է հայ ավատական տների տոհմաբանությունը, թվարկել մինչև 1814թ. եղած հայ մատենագիրներին, լուսաբանել օտար նվաճողների դեմ Սյունիքում ու Արցախում հայ ժողովրդի՝ շուրջ 15-ամյա զինված պայքարը, երկի տողամիջերում և առանձին էջերի վրա գրելով փոքրիկ ներբողներ, որոնք այսօր էլ գեղարվեստական որոշակի արժեք ունեն։ Գրել է նաև «Երգարան...» բանաստեղծությունների ժողովածուն (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որում տեղ են գտել աշխարհիկ և հոգևոր 44 ողբեր, ներբողներ, բնության և սիրո տաղեր։ Մահացել է Դաղստանի Ղզլար քաղաքում (այժմ՝ ՌԴ-ում):