Եղիշե Նկարիչ
Անունը հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ, Գնդեվանքի (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից արևմուտք) շինարարության կապակցությամբ և վանքի տաճարի հարավային պատի արևմտյան անկյունի արձանագրությունում։ Կառույցի հովանավոր իշխանուհի Սոփիան 936թ. հրավիրել է նկարչին շինարարությունը ղեկավարելու։ Ենթադրվում է, որ Գնդեվանքի բարձրաքանդակների և որմնանկարների հեղինակը հենց նա է։ Որմնանկարները գրեթե չեն պահպանվել։ Արևելյան աբսիդում աղոտ նշմարելի են Քրիստոսի լուսապսակի հետքերը։ Ուշ շրջանում են ստեղծվել Գնդեվանքի ավանդատների մուտքերի վերևում պատկերված ֆիգուրները, որոնցից լավ է պահպանվել Աստվածամոր պատկերը։