Zark Foundation

Եղիշե Թադևոսյան

Եղիշե Թադևոսյան

Գեղանկարիչ

12 սեպտեմբեր, 1870 - 22 հունվար, 1936

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1879-81թթ սովորել Է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, 1881-85թթ` Մոսկվայի Լազարյան ճեմարանում, իսկ 1885-94թթ` գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1894-95թթ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել Մոսկվա և 1896թ. մասնակցել «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Մոսկվայի Արվեստագետների ընկերության մրցույթում 1898թ. «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավների համար արժանացել է երկու մրցանակի: 1898թ. Պոլենովի հետ ուղևորվել է Պաղեստին, այնուհետև, գրեթե ամեն տարի, ճանապարհորդել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Հայաստանում, ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: 1901թ-ից բնակվել է Թիֆլիսում, մասնակցել 1907թ. կազմակերպված «Իկար» գրական-գեղարվեստական խմբակցության, իսկ Ռուսաստանում` «Միր Իսկուստվա»-ի և ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին: 1916թ. աջակցել է հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: 1921թ. Երևանում կազմակերպել է հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի «Հայարտան»-ը: 1923թ. եղել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից: Աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում, զբաղվել գրաֆիկայով, կիրառական արվեստով, ստեղծել խճանկարներ, մանրաքանդակներ, դիմանկարներ, կատարել բեմանկարչական աշխատանքներ: Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնոցը, Հռիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանը, Երուսաղեմի հայկական վանքը և հին հայկական այլ հուշարձաններ պատկերող բազմաթիվ բնանկարներ: Պատմանկարչական ժանրում դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին և ստեղծել բնույթով խորապես ազգային «Ջան գյուլում»-ի և «Ասլան աղա»-ի նման բարձրարվեստ ստեղծագործություններ: Աշխատանքները հիմնականում գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի նրա մասնաճյուղում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Պոլենովկայի Դերպենովի անվան թանգարանում: 1935թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում: