Zark Foundation

Եղիշե Պետրոսյան

Եղիշե Պետրոսյան

Գրականագետ

12 սեպտեմբեր, 1912 - 20 օգոստոս, 1982

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշի նահանգի Մանազկերտ գյուղաքաղաքում: 1939թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945-82թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 1969թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Րաֆֆու ստեղծագործության վերաբերյալ։ 1945-50թթ և 1968-72թթ եղել է ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը։ Հրատարակվել են նրա «Րաֆֆի» (1959թ.), «Գրական դեմքեր» (1977թ.), «Դանիել Վարուժան» (1987թ.) գրքերը, կազմել, ծանոթագրել և հրատարակել է արևմտահայ գրողների երկերի ժողովածուներ՝ «Ռուբեն Սևակ» (1955թ.), «Ռուբեն Որբերյան» (1963թ.), «Օննիկ Չիֆթե-Սարաֆ» (1981թ.)։ Գրականագետը բարձր է գնահատել Արշակ Չոպանյանին և դիտարկել է վերջինիս թարգմանական գործը՝ հայ գրողներին՝ ֆրանսերեն, ֆրանսիացի գրողներին՝ հայերեն ներկայացնելու կտրվածքով։ Արժեքավոր է նաև նրա հետազոտությունը՝ նվիրված Երուխանին, որին նա համարել է «թերևս ամենից քիչ ուսումնասիրված հայ հեղինակներից»: Գրականագետի կարծիքով՝ «Երուխանի վերոհիշյալ նորավեպերը առավել իմաստալի նշանակություն են ստանում, այնտեղ պատկերված է ժողովրդի հասարակ մարդկանց վեհությունը, ազնվությունը, հոգու անաղարտությունը»: Վերլուծության է ենթարկել Երուխանի «Ամիրային աղջիկը» վեպը։ Մահացել է Երևանում: