Zark Foundation

Եսայի Նչեցի

Եսայի Նչեցի

Լեզվաբան, մատենագիր, եկեղեցական գործիչ

16 օգոստոս, 1260 - 19 փետրվար, 1338

Ծնվել է Սասունի Նիչ գավառում: Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետական (դոկտորի) աստիճան։ 1284թ-ից գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։ Եղել է շուրջ կես դար գոյատևած Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ռեկտորը։ Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»՝ քերականություն, ճարտասանություն, աստղաբաշխություն, երաժշտություն և այլն։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։ Նրա մոտ են ուսանել Հովհան Արճիշեցին, Մխիթար Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Հովհան Երզնկացին, Գրիգորիս Երզնկացին և ուրիշներ։ Պայքարել է պապական նկրտումների, ինչպես նաև ունիթորական (միարարական) շարժման դեմ՝ հանուն հայ եկեղեցու ինքնուրույնության և հայերենի պահպանման։ Նրա գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Դավիթ Քերականի, Համամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութեան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին (քննադատելով նրանց արհեստական նորակազմությունները), խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։ Մահացել է Գլաձորի համալսարանում: