Zark Foundation

Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

Երգչուհի

Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան
Ծնվել է 1987թ. հուլիսի 13-ին, Դոնի Ռոստովում: Հայրը ծնվել է հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը հայ է: Նախատատը ազգությամբ հույն Եվա Ռիվասն էր, ում անունը երգչուհին օգտագործել է որպես կեղծանուն: 1994թ. ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատար: 1996-2004թթ, որպես մենակատար, հանդես է եկել Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում: Կատարել է դասական և էստրադային երգեր, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ստեղծագործություններ: Բազմիցս արժանացել է դափնեկրի կոչման: Ելույթ է ունեցել համույթի կազմում և որպես անհատ կատարող: «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում արժանացել է «Գրանդ պրի» մրցանակի: 1999թ. ՌԴ Սարատով քաղաքի առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացրել է հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից և արժանացել երկու արծաթե մեդալի: 2003թ. ավարտել է «Իմիջ Էլիտ» դպրոցը և դարձել այս գործակալության առաջատար մոդելներից մեկը՝ երկու անգամ արժանանալով Ռոստովի փոքրիկ գեղեցկուհի կոչման: 13 տարեկան հասակում, ունենալով 1,80սմ հասակ, բացառության կարգով մասնակցել է Դոնի Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացել «Միսս տաղանդ» կոչման: Նույն թվականին ստացել է Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր: 2004թ. ընդունվել է Դոնի Ռոստովի պետական համալսարան: 2005թ. ճանաչվել է Դոնի Ռոստովի «Ոսկե ձայն» և «Դոնի Միսս Մարգարիտ»: Նույն թվականին Երևանում զբաղեցրել է 2-րդ տեղը «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթում, իսկ Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է 1-ին մրցանակին: 2007թ. արժանացել է Սոչի քաղաքում կայացած «5 աստղ» փառատոնի մրցանակին: 2008-11թթ համագործակցել է «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հետ: 2009թ. Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգը, որի հիման վրա նույն թվականին նկարահանվել է տեսահոլովակ: Նրա երգացանկում տեղ է գտել նաև Ա.Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված «Լանջեր Մարջան» ստեղծագործությունը: 2010թ. «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը: