Zark Foundation

Երանուհի Գարագաշյան

Երանուհի Գարագաշյան

Դերասանուհի

30 ապրիլ, 1848 - 14 մարտ, 1924

Ծնվել է Կոստանդնուպոլսի Ուսկուդար թաղամասում: Եղել է դերասանուհի Վերգինե Գարագաշյանի քույրը: 1861թ. ավարտել է միջնակարգ կրթությունը: 1865թ. մտել է թատերական ասպարեզ` Ս.Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը: Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, ինչպես Պողի դերը Բ.դը Սեն-Պիերի «Պող և Վերգինե» պիեսում, Հովսեփ Գեղեցիկի դերը Թ.Թերզյանի համանուն պիեսում և այլն: Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանը սկսել է 1867թ-ից, երբ դարձել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի պրիմադոննա և առաջնակարգ դերերով է հանդես եկել բոլոր ներկայացումներում` Թ.Թերզյանի «Սանդուխտ կույս» (Սանդուխտ), Ս.Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն» (Աշխեն), «Նեղսիրտ բարեգործը» (Անժելիք), «Կործանումն Ռուբինյան թագավորության» (Հայկանուշ), «Վենետիկուհին» (Թեոդորա) և այլն: Եղել է բազմաժանր դերասանուհի` խարակտերային կերպարանագծումների որոշակի հակումով: 1878թ. միացել է Ս.Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներում, եղել Ադրիանապոլիսում, Ադանայում, Սալոնիկում, Կավալայում: Հանդես է եկել Տ.Չուխաճյանիև թարգմանական մի քանի օպերետներում: 1880թ., քրոջ` Վերգինե Գարագաշյանի հետ, եկել է Թիֆլիս և մեկ թատերաշրջան խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում` Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ: Հաջորդ թատերաշրջանից կրկին վերադարձել է Կ.Պոլիս և Ս.Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, որտեղից էլ անցել Բալկանյան երկրներ: Խաղացած ներկայացումներից են` Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (Ֆաթիմե), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Տուգոուխովսկայա), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բարբարե), «Խաթաբալա» (Քեթևան), Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե» (Հեղինե), Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա» (Թերեզա) և այլն: 1887թ. խաղացել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումներում` Ա.Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» (Մարգարիտ Գոթիե), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա), «Կատարին Հովարդ» (Կատարին Հովարդ), Շ.Լեկոկի «Մադամ Անգոյի աղջիկը» (Կլերետ), «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (Ժիրոֆլե-ժիրոֆլյա)` արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը: 1900-ականների սկզբներին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ մահացել է: