Zark Foundation

Երեմիա Տեր-Սարգսենց

Երեմիա Տեր-Սարգսենց

Պետական, եկեղեցական գործիչ, բանասեր

9 մարտ, 1829 - 31 մարտ, 1885

Երեմիա եպիսկոպոս Տևկանց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է բանահավաք Արիստակես Տեր-Սարգսենցի և գրող Սեդրակ Տեր-Սարգսենցի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագի Ժառանգավորաց վարժարանը։ Լիմ կղզում կարգվել է վարդապետ, եղել Վարագա վանքի վանահայրը, հաջորդաբար՝ Վանի, Բիթլիսի, Մուշի, Չմշակածագի, Արաբկիրի և Խարբերդի հայոց հոգևոր առաջնորդը, Կ.Պոլսի պատրիարքական փոխանորդը, ազգային ժողովի և գավառային քննիչ հանձնախմբի անդամ։ Զեյթունի 1862թ. ապստամբության ժամանակ հյուրընկալել է ապստամբների պատվիրակներին, եղել զեյթունցիների օգտին հանգանակություն կազմակերպող ընկերության նախագահը, մասնակցել Զեյթունի հայերի նկատմամբ թուրքական կառավարության հաշվեհարդարը կանխելու խնդրանքով ֆրանսիական կայսր Նապոլեոն 3-րդ-ին ուղղված գրության կազմմանը։ Զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ «Հայրենասիրություն Հայոց» (1872թ.) գրքում կոչ է արել ուսումնասիրել հարազատ Ժողովրդի պատմությունն ու մշակույթը, խրախուսել ազգապահպանության ոգին, դատապարտել պանդխտությունը։ Բազմիցս ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, թողել արժեքավոր նոթեր, որոնցում աշխարհագրական և ազգագրական ուշագրավ տվյալներ կան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի, Բայազետի, Բասենի, Կարսի, Էրզրումի և այլ վայրերի վերաբերյալ, նկարագրված է թուրքական բռնապետության լծի տակ հեծող հայ ժողովրդի ծանր վիճակը։ Հեղինակի ստվարածավալ ձեռագրերը Արևմտյան Հայաստանի 19-րդ դարի 30-80-ական թվականների պատմության ուսումնասիրության կարևոր աղբյուր են։ Դրանք պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և մի շարք արխիվներում։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: