Երեմիա Չելեպի, Երեմիա Դպիր, Երեմիա Բյուզանդացի
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ.Սարգիս եկեղեցու վարժարանում, այնուհետև Մարտիրոս Ղրիմեցու և Եղիազար Այնթափցու ղեկավարությամբ հմտացել մատենագիտության, գրչության արվեստի, երաժշտության բնագավառներում, տիրապետել հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, եբրաերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ Եղել է Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի ատենադպիր, 1659թ-ից` խորհրդական: Ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի երկրներում, ծանոթացել հայկական գաղթավայրերին, եղել նաև Արևելյան Հայաստանում (1685թ.)։ 1676թ. Կ.Պոլսում հիմնել է տպարան (տպագրել է 2 անուն գիրք)։ Պաշտպանել է Հակոբ Դ Ջուղայեցու Հայաստանի ազատագրման ծրագիրը։ Թողել է բազմաժանր և բազմաբնույթ գրական ժառանգություն, որոնք ցրված են աշխարհի տարբեր գրապահոցներում (Երևան, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ և այլն)։ Պատմական, տոմարագիտական, կրոնական երկերի մեծ մասը շարադրել է չափածո։ «Պատմութիւն համառօտ Դճ․ տարւոյ Օսմանցոց թագաւորացն» չափածո պատմական երկը (2 հրտ., 1982թ.), որ գրվել է կաթողիկոս Հակոբ Դ Զուղայեցու պատվերով, բովանդակում է օսմանյան սուլթանության պատմությունը` Օսման 1-ից (1299թ.) մինչ Մեհմեդ 4-րդ-ի գահակալությունը (1678թ.)։ Օգտագործել է հայ և թուրք հեղինակների երկասիրությունները, ժողովրդական ավանդազրույցներ, առասպելներ, հիշողություններ, բանավոր տեղեկություններ և այլն։ «Պատմութիւն»-ը կարևոր, հաճախ` եզակի տեղեկություններ է հաղորդում օսմանյան սուլթանության քաղաքական և սոցիալ-տնտեսական կացության, պետական կարգի, հարկահանության, ներքին և արտաքին քաղաքականության, նվաճված ժողովուրդների վիճակի, թուրքական բռնապետության դեմ ծավալված ժողովրդաազատագրական պայքարի, Արևմտյան Հայաստանի պատմության մասին։ 1695թ. կազմել է այդ աշխատության համառոտ և արձակ տարբերակը («Թագաւորութեան Օսմանցւոց համառօտիւ պատմութիւն», անտիպ, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ «Օրագրութիւն (հրտ․ 1939թ,) հուշագրական երկում, ինքնակենսագրական տեղեկություններից զատ, արժեքավոր տվյալներ է հաղորդել 1648-62թթ Թուրքիայում կատարված կարևոր դեպքերի, հայկական գաղթավայրերի, եկեղեցական գործերի, օսմանյան տիրակալության մեջ ապրող բնակչության կենցաղի, ծիսական սովորությունների, կրոնի, բարքերի, պետական ու եկեղեցական գործիչների մասին։ Այդ նյութերը մասամբ նա օգտագործել է 1692-93թթ գրած եռամաս «Տարեգրական պատմութիւն» երկում (ձեռագիրը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրատանը), որը ընդգրկում է Կ.Պոլսի և հայկական գաղութի 1648-90թթ պատմությունը։ «Պատմութիւն հրկիզման Կ.Պոլսոյ» երկում (անտիպ, Երուսաղեմի ձեռագրատուն) դատապարտել է թուրքական իրականությունը, ցույց տվել թուրքական բռնապետության պայմաններում հայ ժողովրդի տնտեսական ծանր վիճակը, քաղաքական և կրոնական անիրավահավասարությունը։ Օսման, սուլթանության և հայ ժողովրդի 18-րդ դարի պատմության կարևոր սկզբնաղբյուրներ են նրա «Վիպասանութիւն յառումն Կրետէ կղզւոյ», «Պատմական բանք իւրոյ ժամանակին», «Համառօտ հարցմունք և պատասխանիք», «Վիպասանութիւն յԱպրօ Չելէպի» (բոլորն էլ` անտիպ) և այլ աշխատություններ, «Ստամպօլոյ պատմութիւն» եռահատոր, չափածո երկը (1913-39թթ), 1952թ.` նաև թուրքերեն)։ Նրա «Աշխարհագրութիւն» երկը (կորսված) պարունակել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի երկրների, հատկապես` Հայաստանի աշխարհագրական նկարագրությունը, հայկական վանքերի տեղագրությունը (պահպանվել է առաջաբանի մի մասը և քարտեզը)։ Կորսվել է նաև Բոսֆորի տեղագրությանը նվիրված «Համառօտ ստորագրութիւն Կ.Պոլսոյ նեղուցի» երկը։ «Տօմարական գիտելիքներ․․․» աշխատությունում (Երուսաղեմի ձեռագրատուն) քննարկել է հայկական, հրեական, հունական, լատինական տոմարներին վերաբերող մի շարք հարցեր, շարադրել հայկական տոմարի ընդհանուր պատմությունը։ Գրել է նաև ուղերձներ, գանձեր, ողբերգական պոեմներ, տաղեր, որոնց զգալի մասը ստեղծված է միջնադարյան հոգևոր երկերի ձևական կանոնների ու կաղապարների համաձայն` գրաբարի և միջին հայերենի խառնուրդով։ Մշակել է ժողովրդական երգեր («Տաղ ջրի վրայ է ասացեալ» շարքը և այլն), զգալի դեր խաղացել հայ գրականության աշխարհականացման գործում։ Պատմագրի նամակները ոչ միայն արժեքավոր վավերագրեր են, այլ` գեղարվեստական արձակի նմուշներ։ Գրել է նաև թուրքերեն տաղեր, նամակներ, հայերենից թուրքերեն թարգմանել «Նոր կտակարանը», «Դավթի սաղմոսները», «Հայսմավուրքը», «Պատմություն մեծին Աղեքսանդրի» երկը, Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը, «Պատմութիւն Փարիզու և Վեննայի» պոեմը (1871թ.), իր կազմած «Հայոց պատմությունը» (չի պահպանվել)։ Վերջին աշխատությունն օգտագործել է արաբ պատմագիր Մյունեջջիմ Բաշին` իր «Տիեզերական պատմության» Հայաստանին վերաբերող հատվածները շարադրելիս։ Մահացել է Կոստանդնուպոլսում: