Երվանդ Մուրադյան
Ծնվել է 1981թ. մարտի 8-ին, Երևանում: Դիրիժոր Գևորգ Մուրադյանի որդին է: Միջնակարգ կրթությանը զուգահեռ, ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Այնուհետև ավարտել է Երևանի Ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը և Փարիզի հեղինակավոր ճարտարապետական դպրոցներից մեկը` Ecole Spéciale d'Architecture-ը: Հետագայում ուսումնառությունը շարունակել է դերասանական արվեստի դպրոցներում: Ավարտել է Փարիզի «Cours Florent» թատերական դպրոցը, այնուհետև մասնագիտացել և վերապատրաստվել է մեծ վարպետներ, բազում աշխարհահռչակ դերասաններ կրթած Լարրի Մոսի, Ժակ Ուոլցերի և Պատրիսիա Ստեռլինի ստուդիաներում: Խաղացել է Շիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» (Ֆիեսկո), Ինգեի «Կորած վարդեր» (Ռիկի), Պենհալի «Առեղծվածային ձայներ» (Դեյվ) և այլ թատերական ներկայացումներում: Նկարահանվել է Հ.Ազարյանի «Ճանապարհին», Ռ.Քոչարի «Անունս Վիոլա է», Մ.Սահակյանի «Տարօրինակ հեքիաթ» լիամետրաժ և Դ.Դեկրաենեի «Pas le choix», Վ.Գոմիդի «Maggie Haber» կարճամետրաժ կինոնկարներում, ինչպես նաև` «Ֆրանս-2» հեռուստաալիքի Ն.Թաքյանի «Ազատ» հեռուստաֆիլմում: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներին: 2007թ-ից բնակվում և աշխատում է Փարիզում: