Ծնվել է 1947թ. հունիսի 19-ին, Երևանում: Դերասան Գուրգեն Ջանիբեկյանի թոռն է։ 1965թ. ավարտել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ ստացել է երաժշտական կրթություն Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին բաս-կիթառ է նվագել ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում, 1967թ-ից` «Պատանեկություն» համույթում: 1969-72թթ Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութունջյանի հետ նվագել է ջազ քառյակում, որի շրջանակներում 1970թ. Կույբիշևի միջազգային ջազային փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր: 1972թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, 1986թ-ից` գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 1978-83թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում: 1983թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1997թ-ից Երևանի կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչն է (պրոֆեսոր): 2002թ-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2009թ. ընտրվել է «Հայ հեղինակ» ՀԿ-ի հեղինակային խորհրդի նախագահ: Հեղինակել է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործություններ, որոնց զգալի մասը ընդգրկված են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում: Գրել է «Մուսա լեռ» սիմֆոնիկ պոեմը (1983թ.), կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, լարային կվարտետ, ռոմանս ձայնի և թավջութակի համար, սոնատներ, էստրադային երգեր: Հեղինակել է նաև մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների երաժշտություններ, դարձել է բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր: Հյուրախաղերով շրջագայել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 2013թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2003թ. «Սայաթ-Նովա» երգի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի, 2015թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2015թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: