Zark Foundation

Երվանդ Շահազիզ

Երվանդ Շահազիզ

Գրականագետ, պատմաբան

13 հունվար, 1856 - 12 օգոստոս, 1951

Ծնվել է ՀՀ Աշտարակ գյուղում (այժմ՝ քաղաք): Եղել է բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին: 1870թ. ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879թ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը: 1879-82թթ սովորել է ճեմարանի լիցեյում։ 1882-1917թթ աշխատել է որպես ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-21թթ՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-19թթ խմբագրել է (Ռ.Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922թ. հրավիրվել է Երևան, մասնակցել Սովետական Հայաստանի կենտրոնական մշակութապատմական թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ։ 1938թ-ից եղել է Երևանի գրականության ինստիտուտի (1944թ-ից՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան) գիտաշխատող։ 1944թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակել է բազմաթիվ պատմաբանասիրական աշխատություններ։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897թ.), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջևանցիք» (1903թ.), «Պատմական պատկերներ» (1903թ.) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931թ.) աշխատությունը։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան Խաչատուր Աբովյանի», հ.1-2, 1940-48թթ), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932թ.), Ռափայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ են նրա «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք», «Աշտարակի պատմությունը» աշխատությունները։ 1946թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: