Zark Foundation

Երվանդ Ոսկան

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

6 հուլիս, 1855 - 10 հունիս, 1914

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1872թ. ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը, 1877թ.` Հռոմի գեղարվեստի ակադեմիան: 1878թ. մեկնել է Փարիզ` կատարելագործվելու: Մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878թ., Փարիզ, 2 արծաթե մեդալ): 1881թ. վերադարձել է Կ.Պոլիս: Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի («Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882թ., ՀԱՊ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» և այլն) և դիմաքանդակի ժանրերում («Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ ուսումնարանը (այժմ` Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «Ինքնադիմաքանդակ» (1882թ., ՀԱՊ, և այլն): Քանդակագործի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը: Երփնագրիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889թ.) և «Թուրը սրել տվող զեյբեկը» (երկուսն էլ` ՀԱՊ): Թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883թ. հիմնադրել է Կ.Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ` Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա), եղել տեսուչը և քանդակագործության պրոֆեսոր, նաև` հնագիտության թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում` Սիդոնում (այժմ` Սայդա, Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն): Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին: Եղել է Կ.Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործը, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ.Իհսանը և Մ.Թոմրուկը: Մահացել է Կոստանդնուպոլսում: