Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Կրթություն է ստացել ծննդավայրում։ 1882թ-ից եղել է ուսուցիչ։ Աշխատակցել է «Ընտանիք», «Երկրագունտ» պարբերականներին (1883-88թթ)։ 1895թ-ից, ուսուցչությանը զուգընթաց, որպես խմբագրապետ, հաջորդաբար աշխատել է «Արևելք», «Բյուզանդիոն», «Մանզումեի էֆքիար» օրաթերթերում։ Հանդես է եկել միջազգային քաղաքականության, ազգային-մշակութային կյանքի, գրական-բանասիրական հարցերի վերաբերյալ հոդվածներով։ Որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական լեզվի մշակման գործում. հիշատակելի են «Ծաղկաքաղ» (1889թ.) հայ գրականության դասագիրքը և «Քերականական զրույցներ»-ը։ 1919-20թթ Կ.Պոլսում հրատարակել է «Նոր կյանք» օրաթերթը, տպագրել Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվածների վկայությունները։ 1922թ-ից ապրել է Բուլղարիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Աշխարհաբարի է վերածել հայ շարականները («Շարականք հայ Ս. եկեղեցւոյ», հ.1-2, 1902-04թթ), թարգմանել է շատ գրքեր, այդ թվում՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրերը» (հ.1-2, 1935թ.) և շվեյցարացի գրող, բանասեր, հոգևորական Կ.Բրեֆինի «Քրիստոս Ինքնակալ» պատմավեպը, որն ինքը ենթավերնագրել է «Առյուծարքայն Հայոց Տրդատես» (1967թ.)։ Գործածել է նաև Ետան, Տարազ, Ահուրամազդա ծածկանունները։ Մահացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: