Zark Foundation

Երվանդ Տեր-Մինասյան

Երվանդ Տեր-Մինասյան

Բանասեր, պատմաբան, բառարանագիր

7 նոյեմբեր, 1879 - 12 հուլիս, 1974

Ծնվել է Հայաստանի Հառիճ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Նախնական կրթությունն ստացել է Հառիճի վանքի դպրոցում (1892թ.): 1900թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1900-04թթ սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ Ուսումնասիրել է փիլիսոփայական, պատմական, բանասիրական գիտություններ, եբրայերեն, ասորերեն, հունարեն, եվրոպական լեզուներ ու գրականություն։ Վերադառնալով Էջմիածին, դասավանդել է Գևորգյան ճեմարանում, եղել Էջմիածնի տպարանի տնօրենը, 1905թ-ից՝ Էջմիածնի վանքի վարդապետ։ 1910թ. հրաժարվել է հոգևոր կոչումից, նվիրվել գիտական-մանկավարժական գործունեության, դասավանդել Էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) դպրոցներում։ 1921թ. նշանակվել է Էջմիածնի մշակութապատմական ինստիտուտի (հետագայում՝ Հայաստանի պատմության ինստիտուտ) գիտական քարտուղարը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» տարեգրքի խմբագիրը, վարել է մի շարք պաշտոններ։ 1943-49թթ եղել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչը։ «Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ» (1908թ.) աշխատության մեջ և մի շարք հոդվածներում հետազոտել է հայկական և ասորական եկեղեցիների փոխազդեցությունները։ Քննել է հայ գրավոր մշակույթի, լեզվի պատմության հարցեր, ճշգրտել հայոց այբուբենի ստեղծման թվականը, անդրադարձել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հասարակական, լուսավորչական, թարգմանչական գործունեությանը («Ոսկեդարի հայ գրականությունը», 1946թ., «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին», 1964թ.)։ «Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» (1968թ.) ուսումնասիրության մեջ քննության է ենթարկել սինկրետիզմը, միթրայականությունը, գնոստիկականությունն ու գնոստիկյան դպրոցները, բորբորիտների աղանդն ու մծղնեությունը, մազդակյան կրոնը, մանիքեությունը, պավլիկյան ու թոնդրակյան աղանդները։ Հրատարակել է աղբյուրագիտական-բնագրագիտական մի շարք գործեր, որոնցից են 1904թ. Երևանի Սբ. Աստվածածնի մայր եկեղեցում նրա հայտնաբերած Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզութեանն» (հրտ.՝ 1907թ., Կ.Տեր-Մկրտչյանի հետ) երկը, որի հունարեն բնագիրը կորել է, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908թ., Կ.Տեր-Մկրւոչյանի հետ) և «Ընդդեմ հերձուածոց»-ը (Գ և Ե գրքեր, 1910թ., Կ.Տեր-Մկրտչյանի հետ)։ 1957թ. պատրաստել է Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկի քննական բնագիրը և հրատարակել աշխարհաբար զուգահեռ թարգմանությամբ։ Շոշափելի ավանդ ունի երկլեզվյան թարգմանական բառարանների ստեղծման գործում։ Նրա հեղինակակցությամբ լույս են տեսել «Ռուս-հայերեն նոր բառարան» (հ.1-2, 1933-35թթ), «Հայ-ռուսերեն բառարան» (1947թ.), իսկ իր հեղինակությամբ՝ «Օտարազգի դարձվածքների գրպանի բառգրքույկ» (1935թ.) և այլն։ Մեծ ավանդ ունի մարքսիզմ-լենինիզմի երկերի թարգմանությունների գործում։ 1904թ. ստացել է փիլիսոփայական, 1943թ.՝ բանասիրական (առանց դիսերտացիայի պաշտպանության) գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1945թ-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1959թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: