Zark Foundation

Երվանդ Օտյան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

19 սեպտեմբեր, 1869 - 3 հոկտեմբեր, 1926

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է քաղաքական գործիչ, հրապարակախոս Գրիգոր Օտյանի եղբոր որդին: Գրաճանաչ է դարձել հորաքրոջ` Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով: Գրական ասպարեզ է մտել 1880-ականներին` թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892թ. «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896թ.` խմբագրի պաշտոնը: Գրել է քրոնիկ-ֆելիետոններ, պատմվածքներ ու նորավեպեր` «Սիրո նահատակ» (1892թ.), «Վաշխառուն» (1893թ.), «Կաղանդի վիպակ» (1895թ.) և այլն: 1896թ. Կոստանդնուպոլսում սկսված հալածանքների պատճառով մեկնել է Հունաստան: 1897թ. հաստատվել է Եգիպտոսում: Մինչև 1908թ. եղել է գրողի ստեղծագործության երկրորդ շրջանը: Խմբագրել է «Ազատ խոսք» (1901-08թթ), «Ազատ բեմ» (1903-06թթ), «Օրենք» (1905թ.), «Կրակ» (1905թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898թ.), «Համբարձում աղա» (1904թ.), «Ոսկեմոլը» (1905թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905թ.), «Միքեի սիրարկածը» (1906թ.) վիպակները, «Զավալլըն» (1905թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն: Գրական այս շրջանում հանդես է եկել որպես քաղաքական երգիծաբան: 1909թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» քաղաքական սատիրայի գլուխգործոցը (1909-14թթ, եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913թ.) երգիծական դիմանկարների շարքը: Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են գրողի սոցիալական երգիծավեպերը` «Միջնորդ տեր պապան» (1895-1920թթ), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910թ.), «Վաճառականի մը նամակները» (1910թ.), «Թաղականին կնիկը» (1915թ.): 1915թ. ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Դեյր էլ Զորում մնացել է մինչև 1918թ., որտեղ ազգությունը թաքցրած հայ վարորդը ճանաչել է նրան` Համայի վարժարանի իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1922թ. մեկնել է Բուխարեստ, 1924թ. տեղափոխվել Սիրիա, ապա` Կահիրե: 1918-26թթ ակտիվորեն աջակցել է Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր: Ֆրանսերենից թարգմանել է Լ.Տոլստոյի «Հարություն» (1910թ.) և «Աննա Կարենինա» (1911թ.) վեպերը, Է.Զոլայի, Ֆ.Դոստոեսկու, Մ.Գորկու, Մ.Տվենի և ուրիշների ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն: Նրա երկերը բեմականացվել են, էկրանացվել է «Կեղծ լրտեսը» («Մուսյո Ժաք և ուրիշներ») պատմվածքը։ Մահացել է Կահիրեում, թաղված է Մարմինա Հայոց ազգային գերեզմանատանը: Օտյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` դպրոց: