Zark Foundation

Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1921թ. օգոստոսի 16-ին, Երևանում, Հայաստանի Առաջին պետթատրոն անունով, բացվել 1922թ. հունվարի 25-ին, Երևանում՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով: Հիմքը Թիֆլիսի «Որոնումների թատրոնն» էր, որը 1921թ. հյուրախաղերով Երևանում էր: Թատրոնը 1922-38թթ գործել է Շահումյանի անվան բանվորական ակումբում, ապա՝ Կոմունարների (այժմ՝ Թատերական) այգու նորակառույց շենքում, որը վերակառուցվել է 1966թ.: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Լևոն Քալանթարը: Թատերախումբը համալրել են դերասաններ Հասմիկը, Վ.Փափազյանը, Օ.Գուլազյանը, Ա.Ոսկանյանը, Հ.Ներսիսյանը, Գ.Ավետյանը, Վ.Վաղարշյանը, Մ.Ջանանը, Ա.Ավետիսյանը, Հ.Խաչանյանը, Ս.Գարագաշը, Մ.Մանվելյանը, Գ.Ջանիբեկյանը, Գ.Գաբրիելյանը, 1925թ-ից՝ Հ.Աբելյանը: 1920-ական թթ թատրոնի դիմագիծը որոշել են այդ դերասանները՝ ընտրված խաղացանկով (Շիլլերի «Ավազակներ», Հեյեր Մանսի «Հույսի կործանումը», երկուսն էլ՝ 1922թ., Գոգոլի «Ռևիզոր», 1923թ., Մոլիերի «Տարտյուֆ», 1924թ., Շեքսպիրի «Օթելլո», 1926թ., Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», երկուսն էլ՝ 1927թ., Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929թ., նոր ժամանակի պիեսներից՝ Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1927թ., Իվանովի «Զրահագնացք 14-69», 1928թ., Յանովսկու «Ցասում», Վ.Վաղարշյանի «Օղակում», երկուսն էլ՝ 1930թ.) և Լ.Քալանթարի ու Ա.Բուրջալյանի բեմադրական արվեստով, որը կրել է ժամանակի և «ձախ» թատրոնի ազդեցությունը: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Իրանում (1924թ.), մոսկովյան օլիմպիադայում (1930թ.), պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով (1932թ.): 1937թ. թատրոնը կոչվել է Գաբրիել Սունդուկյանի անունով: 1932-41թթ թատրոնի բեմադրական արվեստը դարձել է ավելի զուսպ, խաղացանկում գերակշռել են դասական պիեսները՝ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը (1933թ., ռեժ.՝ Ա.Գուլակյան), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1933թ., ռեժ.՝ Բ.Զախավա), Շիրվանզադեի «Պատվի համար» (1939թ., ռեժ՝ Վ.Աճեմյան) և այլն: 1930-38թթ և 1944-53թթ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Գուլակյանը ռեալիստական արվեստի սկզբունքներով, ստեղծագործական կարգապահության խիստ պահանջներով իր կնիքն է դրել թատրոնի դիմագծի վրա: 1941թ. թատրոնը հանդես է եկել Մոսկվայի Փոքր թատրոնում, արժանացել բարձր գնահատականի՝ հատկապես դերասանական արվեստի առումով: 1941-45թթ խաղացանկում մեծ տեղ են գրավել հայրենասիրական երկերը՝ Ն.Զարյանի «Վրեժ» (1941թ.), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942թ., երկուսն էլ՝ ռեժ. Վ.Աճեմյան), «Գևորգ Մարզպետունի» (ըստ Մուրացանի, 1941թ.), Ռ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942թ., երկուսն էլ՝ ռեժ. Վ.Վարդանյան) և այլն: Դասական երկերի բեմադրություններից աչքի են ընկել Շեքսպիրի «Համլետ» (1942թ., ռեժ.՝ Ա.Բուրջալյան), Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943թ., ռեժ.՝ Վ.Վարդանյան), Վ.Փափազյանի «Ժայռ» (1944թ., ռեժ.՝ Վ.Աճեմյան): 1944թ. Երևանում կայացած համամիութենական շեքսպիրյան կոնֆերանսում, քննարկվել են նաև թատրոնի «Համլետ» և «Օթելլո» ներկայացումները: 1945-55թթ թատրոնի ստեղծագործական կարողությունների լավագույն դրսևորումներից են՝ Ա.Օստրովսկու «Անօժիտը» (1946թ., ռեժ.՝ Գ.Ջանիբեկյան), (1951թ., երկուսն էլ՝ ռեժ. Ա.Գուլակյան), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (1953թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1954թ., երկուսն էլ՝ ռեժ. Վ.Աճեմյան) և այլն, որոնցում լիովին դրսևորվել են Վ.Փափազյանի, Վ.Վաղարշյանի, Հ.Ներսիսյանի, Գ.Ջանիբեկյանի, Ա.Ավետիսյանի, Թ.Սարյանի մեծ տաղանդն ու հղկված վարպետությունը: Թատրոնի պատմության այս փուլը նշանավորվել է նաև երիտասարդության ստեղծագործական հնարավորությունների հաստատումով: Դրա վկայությունն էր Ա.Շիրվանզադեի «Նամուսի» բեմադրությունը (1955թ., ռեժ.՝ Վ.Աճեմյան), որի մասնակիցներից Մ.Սիմոնյանը, Խ.Աբրահամյանը, Ս.Սարգսյանը, Մ.Մկրտչյանը, Լ.Հովհաննիսյանը, Վ.Աբաջյանը, Հ.Գալոյանը, Մ.Մուրադյանը, Շ.Ղազարյանը, Գ.Չեպչյանը, Ա.Խոստիկյանը և ուրիշներ պետք է իրենց վրա վերցնեին հետագա տարիների խաղացանկը: 1956թ. թատրոնը մասնակցել է հայ արվեստի և գրականության մոսկովյան 2-րդ տասնօրյակին, նույն տարում պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1953-77թթ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ.Աճեմյանի սկզբունքը կյանքի և կենցաղի հավաստի պատկերումով վառ թատերայնության հասնելն էր: 1939թ-ից նա իր բեմադրություններով գրեթե չորս տասնամյակ որոշել է թատրոնի գեղարվեստական նկարագիրը: Իր գործունեության վերջին փուլում նրա ստեղծած աչքի ընկնող գործերից են՝ «Դեպի ապագան» (ըստ Չարենցի երկերի, 1960թ.), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961թ.), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Գ.Սունդուկյանի «Պեպո» (երկուսն էլ՝ 1966թ.), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967թ.), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (1970թ.): 1960թ-ից թատրոնը դարձել է ակադեմիական, 1996թ-ից՝ ազգային: 1960-70-ական թթ թատրոնին բնորոշ էր տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությունը Գ.Բորյանի «Կամրջի վրա» (1961թ., ռեժ.՝ Վ.Աճեմյան), Ա.Արաքսմանյանի «60 տարի և երեք ժամ» (1966թ., ռեժ.՝ Հ.Ղափլանյան), «Ապուշը» (ըստ Դոստոևսկու, 1967թ., ռեժ՝ Ե.Ղազանչյան), Միլլերի «Գինը» (1969թ., ռեժ.՝ Վ.Մելիքսեթյան), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (1972թ., ռեժ՝ Կ.Արզումանյան), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (1979թ., ռեժ.՝ Ն.Ծատուրյան) և այլ պիեսների բեմադրություններում: 1977-79թթ և 1985-88թթ թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել Հ.Ղափլանյանը, ով իր աչքի ընկնող ներկայացումներով՝ Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (1975թ.), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (1977թ.), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (1978թ.), թատրոնը մղել է ավելի ցայտուն թատերական ձևերի: 1984-86թթ թատրոնի տնօրենն է եղել Ե.Ղազանչյանը, 1979-84թթ գլխավոր ռեժիսորը և 1988-93թթ գեղարվեստական ղեկավարը՝ Խ.Աբրահամյանը, ում լավագույն բեմադրություններից են՝ «Հացավան» (ըստ Ն.Զարյանի, 1980թ.), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (1983թ.): 1980-90-ական թթ բեմադրվել են՝ «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Հ.Պարոնյանի, 1986թ., ռեժ.՝ Հ.Ղափլանյան), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (1988թ., ռեժ.՝ Տ.Գասպարյան), Ա.Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները» (1990թ., ռեժ.՝ Ն.Ծատուրյան) և այլն: Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում (1960թ.), Սիրիայում և Լիբանանում (1966թ.), Բուլղարիայում և Չեխոսլովակիայում (1976թ.), ԱՄՆ-ում (1990թ.), Ֆրանսիայում (1992թ.), Նորվեգիայում և Կոստա-Ռիկայում (1993թ.), Իրանում (2002թ.): 1994-2008թթ թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել Վահե Շահվերդյանը: Այս շրջանի բեմադրություններից են՝ Գ.Սունդուկյանի «Կտակը» (1997թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1998թ.), Ա.Վարդանյանի «Ախացելը» (2000թ., երեքն էլ՝ ռեժ.՝ Վ.Շահվերդյան), Ա.Քամյուի «Կալիգուլա» (1997թ., ռեժ.՝ Տ.Գասպարյան), Գ.Սարգսյանի «Ավելորդ մարդը» (1998թ., ռեժ.՝ Հ.Ղազարյան) և այլն: Թատրոնի զարգացման տարբեր փուլերում իրենց ներդրումն են ունեցել դերասաններ Դ.Մալյանը, Օ.Բունիաթյանը, Ա.Մամիկոնյանը, Թ.Սարյանը, Գ.Հակոբյանը, Հ.Ավագյանը, Թ.Դիլաքյանը, Վ.Ստեփանյանը, Բ.Ներսիսյանը, Ա.Ասրյանը, Ժ.Էլոյանը, Ա.Կոթիկյանը, Մ.Կոստանյանը, Գ.Աֆրիկյանը, Վ.Մելքումյանը, Մ.Պարոնիկյանը, Ա.Բագրատունին, Է.Էլբակյանը, Վ.Միրիջանյանը, Լ.Հովհաննիսյանը, Մ.Մանուկյանը, Գ.Խաժակյանը, Ս.Ալավերդյանը, Ա.Մանուկյանը, Ա.Մկրտումյանը, Վ.Քոչարյանը, Գ.Աշուղյանը, Ա.Արազյանը, Վ.Վարդերեսյանը, Վ.Աբաջյանը, Վ.Եղշատյանը, Ա.Խոստիկյանը, Հ.Հովհաննիսյանը, Մ.Մուրադյանը, Լ.Առուշանյանը, Ժ.Ավետիսյանը, Գ.Չեպչյանը, Յ.Ամիրյանը, Կ.Ջանիբեկյանը, Կ.Ջանգիրովը և ուրիշներ, ռեժիսորներ Տ.Շամիրխանյանը, Զ.Տատինցյանը, Կ.Արզումանյանը, Գ.Մկրտչյանը, Ա.Էլբակյանը, Մ.Մարինոսյանը, Հ.Աշուղյանը և ուրիշներ, նկարիչներ Գ.Շարբաբչյանը, Գ.Յակուլովը, Գ.Երիցյանը, Ս.Ալաջալյանը, Մ. և Ս.Արուտչյանները, Ս.Թարյանը, Մ.Սվախչյանը, Խ.Եսայանը, Ա.Արուտչյանը, Ե.Սոֆրոնովը և ուրիշներ: 2012-15թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել Տիգրան Գասպարյանը: 2017թ-ից թատրոնի տնօրենն է դերասան Վարդան Մկրտչյանը, գեղարվեստական ղեկավարը՝ բեմադրիչ Արմեն Էլբակյանը: Թատերախմբի կազմում են Հարություն Մովսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Գրետա Մեջլումյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ջուլիետա Բաբայանը, Սամվել Փիլոյանը և ուրիշներ: